News Georgia-ի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին հեռակա կարգով մեղադրանք է ներկայացվելու Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի նկատմամբ՝ կապված խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանում բռնկված բանտային սկանդալի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ Ադեիշվիլիի դեմ մեղադրանքը գործնականում պատրաստ է, և այսօր կամ վաղը այն ներկայացվելու է դատարան: Կբիլաշվիլին հավելել է, որ սեպտեմբերին բռնկված բանտային սկանդալի գործով հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից մի քանի օր անց Ադեիշվիլին լքել է Վրաստանը:











































