Եվ այսպես, Հայաստանի անկախ հանրապետության համար պատմական հոկտեմբերի 10-ն արդեն անցյալում է, որում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք, դժբախտաբար, սպառնում են անցյալում թողնել Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը:
Երեկ Մինսկում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում ստորագրվեց Հայաստանի անդամակցության պայմանագիրը այդ կառույցին, որի ստորագրումը ձգձգվում էր արդեն մի քանի ամիս: Այսպիսով, Հայաստանի հանրապետության ինքնիշխանությունը հանձնվեց Եվրասիական միությանը, այսինքն` Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին: Բավական է միայն այս ամենի հետևանքները կամ մեղմ ասած` տխուր և մտահոգիչ հեռանկարները պատկերացնելու համար արձանագրել, հիշեցնել, որ այս երկրները հանդիսանում են Հայաստանին պատերազմով սպառնացող և երբեմն, երբեմն սպառնալիքները հրադադարի տարբեր աստիճանի խախտումներով իրականություն դարձնող Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրներ, քաղաքական գործընկերներ:
Հայաստանի անդամակցության այս պայմանագրի ստորագրումից մի քանի րոպե հետո Հայաստանի Ազատության հրապարակում մեկնարկեց, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերի հանրահավաքը, որի ընթացքում ոչ միայն կես բառ անգամ չարտաբերվեց Հայաստանի ինքնիշխանության հանձնումը միասնաբար դատապարտելու և մերժելու մասով, այլ նման դիրքորոշում արտահայտողները Հայաստանի, այսպես կոչված, հիմնադիր նախագահի շուրթերով որակվեցին որպես ջղաձգվողներ:
Այսինքն` Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար մտահոգությունը այլևս հռչակվում է որպես ջղաձգություն: Եվ փաստորեն, հենց այս նշաձողով էլ Հայաստանում մեկնարկում է ժողովրդական նոր շարժում` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՀԺԿ-ի գլխավորությամբ, որը դատելով սահմանված ջղաձգման նշաձողից, ըստ էության կատարելու է Հայաստանում Եվրասիական միության լայնարձակ քայլքն ապահովող, լեգիտիմացնող դեր:
Ռուսաստանի իշխանությունները հասկանում են, որ Սերժ Սարգսյանն այս խնդիրը չի կարող լուծել, միաժամանակ այդ խնդիրը լուծելու համար Հայաստանում, ըստ էության, այս պահին իշխանափոխություն անելու կարիք չկա, քանի որ դա, բնականաբար, ֆորս-մաժորի և բարդությունների հետ է կապված: Առավել ևս կարիք չկա, եթե կա լեգիտիմության սուրբ գործը իր վրա վերցնելու պատրաստ, այսպես կոչված, ընդդիմություն:
Այսպիսով, հոկտեմբերի 10-ը Հայաստանի նորագույն պատմության մեջ ամբողջացավ Մինսկում և Ազատության հրապարակում: Ճակատագրի դաժան հեգնանք՝ Ազատության հրապարակից սկսված անկախությունը կոնսերվացվում է հենց Ազատության հրապարակում:







































