Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Nabucco գազատարի վերաբերյալ բանակցությունները վերսկսվելու են 2013 թվականի սկզբին: Չնայած գործադրած ջանքերին՝ այս տարի չհաջողվեց ֆինանսական համաձայնագիր ստորագրել «Շահ Դենիզ» նախագծի հիմնական արտահանողների (BP, SOCAR, Statoil և Total) և Nabucco West խողովակաշարային կոնսորցիումի միջև:
Nabucco Pipeline Company-ի ներկայացուցիչները դեռևս հոկտեմբերին Բաքվում լրագրողներին վստահաբար հայտնել էին, որ դեկտեմբերի առաջին տասնօրյակին համաձայնագիր են ստորագրելու ադրբեջանական կողմի հետ, ինչը նոր ազդակ է հանդիսանալու նախագծի զարգացման համար:
2013 թվականի հունվարի 10-ին Սոֆիայում պետք է հավաքվեն Nabucco-ի բաժնետերերը: Այդ հանդիպման ժամանակ կարող է հաստատվել ֆինանսական համաձայնագրի կետերից մեկը՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի ցանկությունը: Ըստ այդ կետի, եթե տվյալ երթուղին ընտրվի որպես ադրբեջանական գազը եվրոպական շուկաներ հասցնելու հիմնական ուղի, ապա խողովակաշարային կոնսորցիումի բաժնետոմսերի 50 տոկոսը պետք է տրվի «Շահ Դենիզ» նախագծի հիմնական արտահանողներին:
Ներկայիս դրությամբ, Nabucco նախագծի բաժնետերերն են ավստրիական OMV, գերմանական RWE, հունգարական MOL, ռումինական Transgaz, բուլղարական Bulgargaz և թուրքական BOTAŞ ընկերությունները:







































