Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ն իր հայրենակիցներին կոչ է արել զերծ մնալ ԱՄՆ այցելելուց: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է. «ԱՄՆ-ում նպատակամղված իսլամատյացություն է տարվում, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները բազմիցս ահաբեկել, խաբել, սպառնացել են Իրանի քաղաքացիներին և անհիմն մեղադրանքներով ձերբակալել են նրանց:
Օրինակ՝ ոչ վաղ անցյալում 73-ամյա իրանցի Դարիուշեմ Սար-Ռեշտեդարան իր կնոջ հետ Թավրիզից ժամանել է ԱՄՆ, ի դեպ՝ ունենալով ամերիկյան քաղաքացիություն: Նա այցելել է ԱՄՆ-ում բնակվող իր դստերն ու թոռնուհուն: Սակայն վաշինգտոնյան օդանավակայանի անվտանգության աշխատակիցները հինգ ժամ հարցաքննել են նրան, ինչը բացարձակապես արդարացված չէ, և մեկ օր անց նա մահացել է սրտի կաթվածից: Իրանցիների այցն ԱՄՆ նրանց համար հղի է ոչ քիչ վտանգներով, ինչի համար էլ նրանք պետք է զգուշավորություն դրսևորեն այցի ժամանակ»:










































