«Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է արյունալի արշավը Մերձավոր Արևելքում: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Սիրիայում Թուրքիայի հետ սահմանին ԻՊ գրոհայինների կողմից պաշարված Քոբանի քաղաքի մատույցներում ծանր մարտեր են ընթանում: Հազարավոր քուրդ բնակիչներ փախել են հարևան Թուրքիա: Շատերին դա չի հաջողվել, քանի որ Թուրքիան փակել է Սիրիայի հետ իր սահմանի այս հատվածը՝ թույլ չտալու համար, որ իր ճանապարհով օժանդակություն հասնի Քոբանիի քրդական դիմադրությանը: Մինչդեռ երբ երեք տարի շարունակ թույլ է տվել, որ աշխարհի տարբեր երկրներից զինյալներ հատեն Թուրքիա-Սիրիա սահմանը: Շատ միջազգայնագետներ, այդ թվում՝ քրդերը, ՀՅԴ-ն, որն օրերս շտապեց իր զորակցությունը հայտնել թուրքական ագրեսիային դիմադրող բոլոր ուժերին, Քոբանիում արդեն տեղի ունեցած և հետագա բոլոր ողբերգությունների գլխավոր պատասխանատու համարում են Թուրքիային։
Թուրքիայի ողջ տարածքում՝ մայրաքաղաք Անկարայից և Ստամբուլից մինչև Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Վան և Բայազետ քաղաքները, տասնյակ հազարավոր քրդեր այս օրերին դուրս են եկել փողոց` թուրքական կառավարությունից պահանջելով ի վերջո միջամտել Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին: Քրդերը համոզված են, որ թուրքական բանակը, որի տանկերը կանգնած են պաշարված քաղաքից մի քանի հարյուր մետրի վրա, սիրիացի քրդերի ջոկատներին աջակցելու առանձնապես մեծ ցանկություն չունի: Ու թեև ԻՊ-ի գործունեությունից ապակայունանում է իրավիճակը Թուրքիայում ևս, Թուրքիան չի շտապում գործել, թեև համաձայն սիրիական սահմանային Քոբանի (Այն էլ-Արաբ) քաղաքից ստացված տեղեկությունների՝ արևմտյան երկրների կոալիցիայի ավիահարվածները ԻՊ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայիններին ստիպել են նահանջել նախկինում զավթած թաղամասերից:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանը փորձեց բացատրել թուրքական քաղաքականության շարժառիթները և ԻՊ-ի հետ կապված հետագա ծրագրերը: Նա նշեց, որ Թուրքիայի ղեկավարությունը բավական երկար մտածել է և որոշել է չօգնել քրդերին: Չետերյանը մասնավորապես հիշեցրեց օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե Թուրքիայի համար ԻՊ-ն և պետությունը նույն բանն են, ու տարբերություն չկա այդ երկուսի միջև:
«Այս արտահայտությունը շատ տարօրինակ էր, քանի որ սովորաբար գիտենք, որ Թուրքիան գոնե ձևականորեն հակաISIS դաշնակցության մաս է կազմում, իսկ մյուս կողմից՝ Թուրքիան 2013թ.-ի հունվարից ի վեր անցկացնում է զինադադարի և խաղաղություն հաստատելու բանակցություններ, այսինքն՝ իրականությունը և հայտարարված քաղաքականությունն իրարից տարբերվում են: Էրդողանի հայտարարությամբ՝ այդ ձևական քաղաքականությունը, հակաISIS գործունեությունը զրոյացվեցին: Կարծում եմ, որ Թուրքիան Քոբանիի հարցի շուրջ կողմնորոշվել է և սա դիտարկում է իր համար ավելի մեծ պետական վտանգ, քան ISIS-ը: Թուրքիան մտածում է ISIS-ի հետ համագործակցության մասին, քանի որ չի կարողանա նույնն անել Քրդական Աշխատավորական կուսակցության հետ, որը Թուրքիայում ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն: ISIS-ն իրական ուժ է ռազմական հողի վրա, Մերձավոր Արևելքում բոլոր ուժերը արդեն հասկանում են, որ պետք է համագործակցեն այս ուժի հետ: Դա կարող է մեկ տարուց լինել կամ ավելի ուշ՝ քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ, բայց Թուրքիան կսկսի համագործակցել ISIS-ի հետ»,- ասաց Չետերյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ISIS-ին զսպելու արևմտյան ջանքերն ուղղված լինեն նաև Ասադի ռեժիմի դեմ, նա ասաց, որ Թուրքիան երկար ժամանակ բանակցեց ԱՄՆ-ի հետ, որ ISIS-ի դեմ գործողությունները Ասադի դեմ ևս ուղղվեն, քանի որ, ըստ թուրքական տեսակետի, ինչպես ISIS-ը, այնպես էլ Ասադի ռեժիմը ոճրագործ են: «Բայց մինչև հիմա ամերիկյան հարվածներն ուղղված չեն Ասադի ռեժիմի դեմ, ISIS-ի դեմ են և առավել՝ երկու այլ իսլամական խմբավորումների դեմ: Արևմտյան քաղաքականության տրամաբանությունն այսօր ISIS-ի դեմն առնելը չէ, այլ այդ ուժի գործունեությունը սահմանափակելը, օդային արշավը նպատակ չունի վերադարձնել գրավյալ հողերը: Կարելի է ISIS-ի դեմն առնել, եթե այլ ժողովրդական խավերին, որոնք այսօր ISIS-ի հետ են, այլընտրանք առաջարկվի, այդկերպ կարելի է տապալել այս խմբավորումը: Այս խմբավորումն իր գոյության պատճառներն ունի. եթե այդ պատճառները չվերանան, ISIS-ը չի վերանա»,- մեկնաբանեց Չետերյանը:
Անդրադառնալով Հարավային Կովկասում ԻՊ-ի սպառնալիքին՝ Չետերյանն ասաց, որ Հայաստանի դեպքում չկա ԴԱԻՇ-ի վտանգ: «Ադրբեջանի և Վրաստանի ուղղությամբ կա վտանգ. ես վերջերս եղա Վրաստանում և շփվեցի մի քանի վրացիների հետ, որոնք ISIS-ի խմբերում եմ: Հրամանատարներից մեկը ազգությամբ Վրաստանի չեչեն է, Վրաստանը ունի մտահոգվելու տեղ, Ադրբեջանն ունի, իսկ Հայաստանը՝ դեռ ոչ: Եթե վաղն ISIS-ի ազդեցությունը Թուրքիայում ավելի ուժեղանա, դա կարող է նոր տվյալ հանդիսանալ, բայց այսօր չկա նման վտանգ»,- ասաց Վիգեն Չետերյանը:








































