Սուրբ ծննդի օրը Facebook-ը տհաճ նվեր է ստացել. մի խումբ օգտատերեր կոլեկտիվ հայց են ներկայացրել Instagram ծառայության դեմ: Գլխավոր հավակնությունը հեղինակային իրավունքների խախտումն է: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Սոցիալական ցանցը նման հարձակումը համարում է անհիմն և պատրաստում է կոշտ պատասխան, որի մանրամասները հայտնի չեն:
Կալիֆոռնիայի դատարան ներկայացված հայցը կապված է Instagram-ի հաճախորդային համաձայնագրի փոփոխման շուրջ առաջացած սկանդալի հետ: Այն բանից հետո, երբ փոփոխություններն ի հայտ եկան, շատ օգտատերեր մտավախություն ունեին, որ իրենց լուսանկարները կարող են օգտագործվել գովազդային նպատակներով և վաճառվել` առանց իրենց ծանուցելու կամ փոխհատուցելու:
Այնուհետև Instagram-ի հեղինակ Քևին Սիստրոմը փոխեց համաձայնագրի տեքստում օգտագործված տերմինաբանությունը, սակայն մի շարք վիճելի կետեր անփոփոխ մնացին: Մասնավորապես, ծառայությունն իրեն իրավունք է վերապահում գովազդ հրապարակել, որը կապ ունի օգտատիրական տվյալների հետ:
Սան Դիեգոյի Finkelstein & Krinsk փաստաբանական գրասենյակը, որը դատարան է ներկայացրել հայցը, հաստատում է, որ Instagram-ն ու դրա սեփականատեր հանդիսացող Facebook-ը յուրացնում են մտավոր սեփականությունը:







































