«Հանկարծ ինչ-որ մեկի մտքով չանցնի, որ տոնական օրերին ճանապարհային ոստիկանությունը ներողամիտ է լինելու. չի լինելու նման բան, ես խորհուրդ կտամ անգամ տանը, օղու փոխարեն, կոմպոտ խմել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:
Նրա խոսքով՝ Ամանորի հետ կապված` մեր ճանապարհները 24-ժամյա հսկողության տակ կլինեն: Դեկտեմբերից արդեն անցել են ակտիվ և ուժեղացված ռեժիմի:
Նա նշեց, որ անցյալ տարվա դեկտեմբերի 24- ի դրությամբ դեպքերը նվազել են 12-ով, մահվան ելքով դեպքերը՝ 5-ով, վիրավորները՝ 2-ով:
2012-ի տասնմեկ ամիսների ընթացքում Երևանում տեղի է ունեցել 930 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 79, վիրավորվել 231 մարդ:
Ա. Արշակյանն անդրադարձավ նաև արագաչափերին` ասելով, որ այս պահին հանրապետությունում կա 43 արագաչափ, որից 37-ը` մայրաքաղաքում: Տեսանկարահանող շարժական խցիկները 35-ն են:
Երևանի ճանապարհային ոստիկանության պետի կարծիքով` ավտոպատահարները հիմնականում տեղի են ունենում վատ եղանակային պայմաններում անվադողերը չփոխելու հետևանքով:
Արսեն Արշակյանը չի շտապում գնահատել իր կատարած աշխատանքը. նա սպասում է հանրության գնահատականին:
Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքը սպասարկող գումարտակը կազմված է 250 մարդուց, Ամանորի գիշերը կաշխատեն 170-ը, իսկ ինքն անձամբ Ամանորը անցկացնելու է Հանրապետության հրապարակում: Ինչպես նշեց Ա. Արշակյանը` սա արդեն 10-րդ Ամանորն է, որ ինքը կանցկացնի Հանրապետության հրապարակում և դժգոհ չէ:
Նա բոլոր վարորդներին կոչ արեց չխախտել երթևեկության կանոնները, չգերազանցել երթևեկության սահմանված արագությունը. «Ովքեր չեն հավատում մեր աշխատանքին և գտնում են, որ շոուով ենք զբաղված, ապա ասեմ, որ մենք շոուով զբաղվելու բացարձակ կարիք չունենք, որովհետև մեր քաղաքում ահռելի աշխատանք ունենք անելու` երթևեկության կանոններին չենթարկվելու ցանկություն ունեցողները շատ են: Երևան քաղաքում որևէ մեկը չի կարող երթևեկել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Երևան քաղաքում պետք է երթևեկել այնպես, ինչպես օրենքն է թույլ տալիս՝ անկախ վարորդի զբաղեցրած դիրքից և նրա մեքենայի արժեքից»,- ասաց նա:
Անդրադառնալով ոստիկանական համազգեստի 2013-ի փոփոխությանը` Արսենյանն ասաց. «Ժողովուրդը փոփոխություն է ուզում: Այս համազգեստները շատ գեղեցիկ են, ժամանակակից, մոդայիկ, բայց ժողովրդին նորություն է պետք»:







































