Սիրիայի ընդդիմությունը մերժել է սիրիական ճգնաժամի կարգավորման ցանկացած նախագիծ, որը նախատեսում է մինչ 2014-ի նախագահական ընտրությունները Բաշար Ասադի պաշտոնավարում:
«Ընդդիմադիրների և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան պահանջում է Ասադի անհապաղ հրաժարականը և միայն դրանից հետո կհամաձայնի քննարկել հնարավոր քաղաքական գործարքները»,- հայտարարել է կոալիցիայի առաջնորդ, շեյխ Ահմեդ Մուազ Ալ-Խատիբը Al-Jazeera հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Իսլամիստի արձագանքը հաջորդել է արաբական և արևմտյան ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությանը, թե հայտնվել է ճգնաժամից դուրս գալու փոխզիջումային տարբերակ, որի հիմքում Ժնևում հունիսի 30-ին «Գործողությունների խմբի» հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն են:
Լիբանանյան «Ալ-Նահար» թերթի տեղեկություններով՝ Բաշար Ասադը չի պատրաստվում հեռանալ քաղաքական դաշտից և մտադիր է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններին:
Դամասկոսի պաշտոնական աղբյուրներն այդ հրապարակմանը չեն արձագանքել: Երկուշաբթի ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմիի հետ հանդիպմանը Ասադը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը կնպաստի խաղաղարար ջանքերի հաջողությանը, որոնք չեն խախտի երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը և կլինեն ի նպաստ սիրիացի ժողովրդի:








































