ԱԺ էթիկայի հանձնաժողովի` 2012 թ. դեկտեմբերի 7-ի նիստը, որտեղ քննարկվում էր ԱԺ արտահերթ նիստը բոյկոտած և չմասնակցած 83 պատգամավորի հարցը, անցել էր միջադեպով. արդյունքում էթիկայի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը լքել էր նիստը` այն համարելով ապօրինի: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում բանավիճել են ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը և էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Ստորև ներկայացնում ենք զրույցի տեքստային տարբերակը` կրճատումներով.
Դավիթ Հարությունյան
Էթիկայի հանձնաժողովի օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն առաջացավ, երբ հայտնի դարձավ, որ խորհրդարանում կա մի խմբակցություն, որ ո՛չ ընդդիմություն է, ո՛չ իշխանություն: Խնդիրն առկա էր խմբակցության` այդ կարգավիճակից ի վեր, իսկ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ կա անհրաժեշտություն փոխելու:
Նիկոլ Փաշինյան
Ես չեմ կարծում, որ Դավիթ Հարությունյանի համար գաղտնիք էր, որ լինելու են խորհրդարանում ընդդիմադիր ու ոչ ընդդիմադիր խմբակցություններ: Պարզապես իրենք ուզում են, որ էթիկայի հանձնաժողովը ձևավորվեր իշխանական և ոչ իշխանական խմբակցություններից: Կարծում եմ, որ հանրապետական մեծամասնությունը և իշխանությունը շատ է սովորել մի վիճակի, որ ամեն ինչ իր հսկողության տակ լինի, և եթե ինչ-որ բան դուրս է գալիս իր հսկողությունից, ուզում է վերադարձնել իր հսկողության ներքո: Սա տոտալիտար մտածելակերպի փայլուն արտացոլում է: Հանրապետականը չի հանդուրժում, երբ անգամ մանկապարտեզի տնօրինությունն իր հսկողության ներքո չէ:
Դավիթ Հարությունյան
Բուն գաղափարը, խնդիրը հետևյալն է. այդպիսի հանձնաժողովներում որևէ մեկը չպետք է ունենա մեծամասնություն, ո՛չ իշխանությունը, ո՛չ ոչ–իշխանությունը:
Նիկոլ Փաշինյան
Եթե ամբողջ հանրապետությունում բոլորը գտնվում է իշխանության վերահսկողության ներքո, դա տոտալիտարիզմ չէ, բայց եթե էթիկայի հանձնաժողովում ընդդիմությունը մեծամասնություն է, տոտալիտա՞ր է:
Դավիթ Հարությունյան
Ժողովրդավարությունը դա է, որ ով ունի իշխանութուն, նա ունի մեծամասնություն: Ընդդիմադիր խմբակցությունների թիվը երեքն է, իշխանականը` երկուսը: Երեքը շարունակում է լինել ավելի մեծ, քան երկուսը: Եթե հաշվի առնենք, որ պարզ չէ, թե ինչ է ԲՀԿ-ն, իսկ ավելի շատ` ընդդիմադիր է, ուրեմն իշխանությունն ունի երկու ձայն և ընդդիմությունը` 3: Մեր նպատակն էր հավասարեցնել հնարավորությունները, որ հանձնաժողովը գայթակղություն չունենա քաղաքական որոշումներ կայացնել:
Նիկոլ Փաշինյան
Դեկտեմբերի 7-ին Դավիթ Հարությունյանն արել է հայտարարություն, թե էթիկայի հանձնաժողովի նիստը ապօրինի է, և այնտեղ կայացված որոշումները` ևս: Դա նշանակում է՝ ոչ օրինական, օրենքի խախտումով: Ես կխնդրեմ ԱԺ կանոնակարգի, Սահմանադրության և հանձնաժողովի կանոնակարգի կետերը ցույց տալ, որով նիստը ապօրինի է:
Դավիթ Հարությունյան
Ոչ թե ես պետք է ցույց տամ, թե ինչ է խախտվել, այլ դուք պետք է չշեղվեք նրանցից, որ դրանցում գրված է: Ձեզ թվաց, որ դուք հանձնաժողովի նախագահ եք, ունենք անսահման իրավասություն և կարող եք վարվել ինչպես ուզում եք: Ինձ համար պարզ դարձավ, որ դուք ոչ թե ժողովրդավարությանը մոտ կանգնած չեք, այլև շատ հեռու եք: Եթե դուք գաք իշխանության, դա շատ վտանգավոր կլինի:
Նիկոլ Փաշինյան
Այո, մեր իշխանությունը վտանգավոր է ձեզ համար, որովհետև ձեր իշխանության շատ ներկայացուցիչներ ոչ միայն ԱԺ–ում չեն լինի, այլ կլինեն համապատասխան վայրերում, և միջազգային հանրությունն էլ չի պահանջի, որ ձեզ կալանավայրերից հանեն:
Դավիթ Հարությունյան
Ստիպված եք ոչ թե կոլեկտիվ որոշումներ կայացնել, այլ անհատական, և ես չպետք է մասնակցեմ իմ հարցի քննարկմանը: Ձեր կողմից լրացուցիչ սահմանափակում մտցնելը նշանակում է, որ Դուք չարաշահում եք Ձեր լիազորությունները:
Հիշեցնենք, որ էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունն ամրագրվեց ԱԺ քվեարկությամբ: Այդ փոփոխությունների արդյունքում այժմ զուտ ընդդիմադիր և զուտ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների թիվը հավասար է, և նրանց գումարվում է ևս մեկը՝ այլընտրանք ներկայացնող ԲՀԿ-ից:







































