Elle-ի հետ հարցազրույցում իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպե Կրուսը խոսել է ընտանիքի, սիրած բույրերի, գեղեցկության, ֆիլմերի ու երեխաների մասին: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով:

-Ո՞րն էր ձեր առաջին օծանելիքը:
– Առաջինը եղավ Trésor-ը. ես 13 տարեկան էի: Լավ հիշում էի Իզաբելլա Ռոսելինիի մասնակցությամբ գովազդային արշավը՝ նկարահանված Փիթեր Լինդբերգի կողմից: Այն ինձ վրա տպավորություն գործեց, ու ես խնդրեցի ծնողներիս գնել ինձ համար այդ բույրը: Այդ ժամանակ ես չէի էլ կարող ենթադրել, որ մի կդառնամ դրա դեմքը:
-Ե՞րբ առաջացավ հետաքրքրություն դիմահարդարման նկատմամբ:
– 4 տարեկանում ես հավաքում էի տատիկիս դիմահարդարման միջոցները, խաղում էի ու ինձ դերասանուհի էի զգում արդեն այդ տարիքում:
-Որդի ունեք, իսկ մեկ տարի առաջ ծնվեց ձեր աղջիկը: Երեխաների ծնունդով ձեր կյանքը փոխվե՞լ է:
– Մայրությունը լավագույնն է, ինչը կարող է զգալ կինը: Մայր դառնալով՝ քեզ այլ մարդ ես զգում: Երեխայի ծննդից հետո փոխվում է կնոջ ոգին ու էությունը: Նման փոխակերպումը տեղի է ունենում հոգու խորքում ու պարտադիր արտացոլվում է աչքերում: Դա հնարավոր չէ չնկատել:

-Հղիությունից հետո անմիջապե՞ս վերադարձաք աշխատանքին:
-Ես դեռ չեմ նկարահանվել ոչ մի ֆիլմում: Դադար եմ վերցրել, որ ավելի շատ ժամանակ անցկացնեմ երեխաներիս հետ: Դա է իմ մասնագիտության հիանալի կողմը. հնարավոր է մի քանի ամիս ինտենսիվ աշխատել, ապա դադար վերցնել: Տարեկան 4 ֆիլմ. ես այլևս նման նպատակներ չեն դնում, տեմպս պակասեցրել եմ, քանի որ փոխվել են առաջնայնություններս: Դրանցից գլխավորը մայր լինելն է:

-Ապագայում նախատեսվո՞ւմ են կինոնախագծեր ձեր մասնակցությամբ:
-Արդեն հաջորդ շաբաթ ես ձեռնամուխ եմ լինելու Ма Ма ֆիլմի նկարահանումներին: Ես ֆիլմի պրոդյուսերն եմ իսպանացի հայտնի ռեժիսոր Խուլիո Մեդեմի հետ, որին շատ եմ սիրում: Դա դրամա է, սակայն շատ լուսավոր: Եվ սցենարն էլ հիանալի է: Ինձ միշտ հետաքրքիր են լավ պատմություններն ու կերպարները. ահա թե ինչն է ավելի կարևոր ֆիլմի կոմերցիոն հաջողությունից:

-Պատմեք աշխատանքի հետ կապված ձեր ամենասիրելի հիշողությունը:
– Հիշում եմ, թե ինչպես Պեդրո Ալմոդովարը ինձ առաջին անգամ հրավիրեց նկարահանումների: Ես 17 տարեկան էի ու մտածեցի՝ դա կատակ է: Ես խենթանում էի նրա ֆիլմերից, էսթետիկայից, նրա պատկերած աշխարհից: Նա կանչեց ինձ, մենք հանդիպեցինք: Ես չգիտեի՝ ինչ խոսել, կարկամում էի նրա ներկայությամբ: Սակայն դա հենց այն ճակատագրական հանդիպումն էր, ոչ փոխեց կյանքս: Բնականաբար, դեպի լավը:

-Ի՞նչ ռեժիսորի հետ կցանկանայիք աշխատել:
-Մարտին Սկորսեզեի, Լարս ֆոն Տրիերի, Աբդելատիֆ Քեշիշի և բազմաթիվ այլ մարդկանց: Իհարկե, չէի հրաժարվի նորից նկարվել Պեդրո Ալմոդովարի մոտ:
-Դուք հիմա հրաշալի վիճակում եք: Օգնում են դիետաներն ու ֆիթնե՞սը:
– Ոչ մի հատուկ բան: Աշխատում եմ սնվել ճիշտ, չեմ ծխում ու գրեթե չեմ խմում ալկոհոլ:
–Պատրաստել սիրո՞ւմ եք:
– Ինձ դուր են գալիս իսպանական ու իտալական խոհանոցները: Ես գիտեմ պաստաների տարբեր բաղադրատոմսեր: Կարող եմ պատրաստել ավանդական իսպանական ֆրիտատու օմլետ:









































