Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են այս օրերին այցելում Բեթղեհեմ՝ Հիսուս Քրիստոսի հայրենիքում անցկացնելու արձակուրդներն ու դիմավորելու Սուրբ ծնունդը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես ակնկալում է Պաղեստինի Զբոսաշրջության նախարարությունը՝ մինչև հունվարի 20-ը միայն Բեթղեհեմ կայցելի մոտ 300 հազար հյուր: Տեղի հյուրանոցներում ազատ տեղ այլևս չի մնացել, իսկ դրանց թիվը մոտ 50-ն է: Շատ ուխտավորներ ստիպված են գիշերելու տեղ գտնել հարևան Երուսաղեմում և Իսրայելի այլ քաղաքներում:
Սուրբ հողում վերջին շրջանում զբոսաշրջային մեծ ակտիվություն է նկատվում: Տարեցտարի օտարերկրացի այցելուների թիվը ռեկորդ է սահմանում ոչ միայն Իսրայելում, այլև Հորդանան գետի արևմտյան ափում: Այս տարվա առաջին 10 ամիսներին պաղեստինյան տարածքներ է այցելել մոտ 1.2 մլն հյուր՝ 10 տոկոսով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Տոների հետ կապված` Իսրայելի իշխանությունները քրիստոնյա պաղեստինցիների համար այցագրային ռեժիմի մեղմացման միջոցառումներ են անցկացրել: Այդ միջոցառումները վերաբերում են նաև արտասահմանցի ուխտավորներին, որպեսզի նրանք կարողանան պաղեստինյան տարածքներում գտնվող սուրբ վայրեր այցելել առանց խոչընդոտների: