Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարել է, թե նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ինչ նախապայման է ներկայացրել դեսպանների նշանակման հարցում «Վրացական երազանքին» ընդառաջ գնալու համար:
Իվանիշվիլիի խոսքերով՝ դա անելու համար Սաակաշվիլին նոր կառավարությանն առաջարկել է հրաժարվել Պետական պահպանման ծառայությունն իր վերահսկողության տակ առնելու մտադրությունից և դադարեցնել նախկին իշխանությունների բարձրաստիճան չինովնիկների ձերբակալությունները:
Իվանիշվիլին դժգոհել է, որ արդեն երկրորդ ամիսն է, ինչ իրենց հնարավորություն չեն տալիս դեսպաններ նշանակել, ինչի համար էլ նա եզրակացրել է, որ դեսպանների փոփոխումը, կարծես թե ձեռնտու չէ հակառակ ճամբարին.
«Դեսպաններն ուժգին աշխատում են մեր դեմ: Նրանք արտասահմանյան գործընկերներին հայտնում են, թե իշխանության են եկել ավերիչ ուժն ու մաֆիան: Իրականում ահա թե մենք ինչպիսի «համագործակցություն» ենք ստացել Սաակաշվիլիից»:









































