Կանադայի պաշտպանության նախարարությունը կիրակի հայտարարել է, որ չորս կործանիչ է տրամադրում՝ Սանտա Կլաուսին ամանորյա նվերների հետ երկրի օդային տարածքում ուղեկցելու համար:
Սանտայի երթևեկությանը 1955 թվից հետևում է Հյուսիսային Ամերիկայի աերոտիեզերական միացյալ հրամանատարությունը, որը միացնում է Կանադայի և ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգերը: Դրա համար կիրառվում են 47 ռադարներ, որոնք տեղակայված են հյուսիսային և արևելյան շրջաններում: Սահնակների բազմաթիվ կանգառներ 60 տոննա նվերներով ֆիքսում են թվային տեսախցիկները:
Հյուսիսային բևեռից Սանտայի երթը սկսվել է այսօր երևանյան ժամանակով 11:00-ին: Երբ այն մոտենա կանադական սահմանին, նրան ընդառաջ կթռչեն երկու F-18 կործանիչներ: Այնուհետև, ճանապարհի կեսին նրանց կփոխարինի կործանիչների մեկ այլ զույգ: Օդաչուների միակ խնդիրը Սանտայի անվտանգության ապահովումն է:
Ինչպես նշել է քաղաքացիության գործերի և ներգաղթի նախարար Ջեյսոն Քեննին՝ Սանտային Կանադայի վիզա հարկավոր չէ, քանի որ նա քաղաքացիություն ստացել է դեռ 2008 թ.:
Սանտայի երթուղուն հետևելու այս ուրախ ավանդույթը ծնվել է 1955 թ.:











































