Ադրբեջանական apa.az կայքի հաղորդմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մասնակցել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը կից Wilton Park ուղեղային կենտրոնի կազմակերպած «Մերօրյա աշխարհում Թուրքիայի ընդլայնված քաղաքականություն» խորագրով կոնֆերանսին:
Կոնֆերանսում իր ելույթն ավարտելուց հետո Դավութօղլուն պատասխանել է մասնակիցների հարցերին, որոնցից մեկն էլ վերաբերել է հայ-թուրքական հարաբերություններին:
Դավութօղլուն նշել է. «Թուրքիան բաց երկիր է ողջ աշխարհի հանդեպ: Շուտով` առաջիկա 2-3 ամիսների ընթացքում, հայկական ծագում ունեցող թուրք տնտեսագետը կնշանակվի Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնում:
Նրա թեկնածությունը մենք կներկայացնենք վարչապետ Էրդողանին ու նախագահ Գյուլին, որպեսզի ստանանք նրանց հավանությունը:
Ինչ վերաբերում է նրա նշանակման վերոնշյալ ժամկետին (2-3 ամիս անց), դա պայմանավորված է ապագա դեսպանի անձնական խնդրանքով, քանի որ նա ցանկանում է ավարտին հասցնել իր հեղինակային աշխատանքը:
Ես հասկանում եմ այդ գիտնականին, քանի որ ժամանակին անձամբ գտնվել եմ այդպիսի իրավիճակում»:
Դավութօղլուն չի նշել ապագա դեսպանի անունը, սակայն, ամենայն հավանականությամբ, դա կլինի պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն:
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին ամերիկյան հեղինակավոր Foreign Policy ամսագիրը հրապարակեց «աշխարհի 100 մտածողների» անունները, որոնցում հայտնվել էին նաև Ահմեթ Դավութօղլուն և Տարոն Աջեմօղլուն (88-րդ տեղ):
Ի դեպ, Աջեմօղլուն նաև երկու անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի:







































