ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հարցաքննել է 2012-ի սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենղազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության վրա իրականացված հարձակման կասկածյալին: Հարձակման հավանական մասնակիցը Թունիսի քաղաքացի է և անկարգությունների միակ հայտնաբերված մասնակիցը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ալ-Հարզին ձերբակալվել էր Թուրքիայում 2012-ի հոկտեմբերին և արտահանձնվել Թունիսին: Աֆրիկյան երկրի իշխանությունները հայտնել էին, որ կասկածում են նրան լիբիական անկարգություններին մասնակցելու մեջ: Միաժամանակ նրան հարցաքննել են հենց Թունիսում տեղի ունեցած անկարգությունների և այդ երկրում ամերիկյան հյուպատոսության վրա իրականացված հարձակման գործով: Հակաամերիկյան ելույթների ժամանակ, որոնք, ըստ ամենայնի, կազմակերպվել էին իսլամիստական «Անսար Ալ-Շարայա»խմբավորման կողմից, Թունիսում 4 մարդ է զոհվել:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից հարցաքննությանը մասնակցել են երեք քննիչներ, որոնց ուղեկցել է թարգմանիչը: Հարզիի և քննիչների զրույցը շարունակվել է 3 ժամ:
Կասկածյալի պաշտպաններին մերժել են հարցաքննության մասնակցել, քանի որ, քննության տվյալներով, Հարզին գործով անցնում է դեռևս որպես վկա:
Թունիսի կառավարությունը նրան մեղադրում է ահաբեկչական կազմակերպություններում ներգրավվածության մեջ, ինչը Հարզին հերքում է:
2012-ի սեպտեմբերի 11-ին Բենղազիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել էին Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Ստիվենսոնն ու ԱՄՆ պետդեպի երեք աշխատակիցներ: Հիշեցնենք, որ հակաամերիկյան ելույթների պատճառը «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի թողարկումն էր:











































