Իտալիայի պաշտոնաթող վարչապետ Մարիո Մոնտին չի բացառում, որ կարող է կրկին առաջադրվել կառավարության ղեկավարի պաշտոնում: Այս մասին նա հայտարարել է այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Մոնտին բացասական է պատասխանել որևէ առանձին քաղաքական կուսակցություն գլխավորելու հնարավորության մասին հարցին:
«Եթե մեկ կամ մի քանի քաղաքական ուժեր, որոնք կիսում են իմ հայացքները, որոշեն ինձ առաջադրել վարչապետի պաշտոնում, ես կդիտարկեմ նման հնարավորությունը: Ոչինչ չի կարող դրան խոչընդոտել»,- պատասխանել է Մոնտին: Նա բազմիցս ընդգծել է, որ իրեն չեն գրավում ինչ-որ առանձին կուսակցություններ:
Նա կոչ է արել շարունակել համաեվրոպական քաղաքականությունը, եթե նույնիսկ այն կարող է քննադատություն առաջ բերել: Մոնտին նշել է, որ Իտալիան իր ներդրումն արել է համաեվրոպական տնտեսական պաշտպանական մեխանիզմների մշակման գործում:
Նա նշել է, որ անհավանական է նման ծանր և կտրուկ տնտեսական միջոցառումներից հետո արագ տնտեսական աճ ակնկալելը:
Մարիո Մոնտին իրեն թույլ է տվել պատասխանել Սիլվիո Բեռլուսկոնիի քննադատություններին և նշել է, որ չի պատկերացնում իր միությունը Բեռլուսկոնիի հետ:Նա նշել է, որ իր ծրագիրն ուղղված չէ կոնկրետ քաղաքական թևի գաղափարների իրագործմանը։








































