Aravot.am-ը երեկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին խնդրեց մեկնաբանել ՀԱԿ-ում ստեղծված այսօրվա իրավիճակը, երբ Հրանտ Բագրատյանն առաջադրվում է, իր և նրա «գծերը» տարբերվում են Կոնգրեսի մյուս թևից, խնդրեց մեկնաբանել նաև կոնգրեսականների հարվածները սոցցանցերում՝ Նիկոլ Փաշինյանի դեմ: Բացի այդ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը Galatv.am-ին ասել էր, որ ՀԱԿ-ում ընդամենը կերակրատաշտից օգտվելու քաշքշոց է: Թերթի հարցին՝ այս ամենն ինչպե՞ս եք բացատրում և համաձա՞յն եք Աշոտ Մանուչարյանի հետ՝ նա պատասխանեց. «Ես այսօր ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից: Աշոտ Մանուչարյանի ասածներն էլ զերծ կմնամ մեկնաբանելուց: Չեմ ուզում որևէ բան ասել: Հրանտ Բագրատյանի առաջադրվելն էլ մեկնաբանելուց առայժմ զերծ կմնամ»:
Թերթի հարցին՝ իսկ հնարավո՞ր է, որ Դուք էլ, այնուամենայնիվ, առաջադրվեք՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց կտրուկ. «Ոչ, դա հնարավոր չի: Ինձ այդ կետն ուղղակի զարմացնում է: Ես 6 ամիս է՝ անընդհատ ասել եմ, որ չեմ պատրաստվում առաջադրվել և նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելու ցանկություն չունեմ: Ես այդ մասին պաշտոնապես եմ հայտարարել»:
«Առավոտ»-ի հարցին՝ իսկ Հրանտ Բագրատյանին սատարելու որոշում կայացրե՞լ եք, նա պատասխանեց. «Ես դրա հետ կապված շատ հստակ դիրքորոշում եմ հայտնել՝ քանի դեռ հայտնի չի դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու որոշումը, այդ թեմայով որևէ մեկնաբանություն ես առայժմ չեմ ցանկանում անել: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ ես ասում եմ՝ հիմա՛ այս պահին մեկնաբանություն չեմ անում, բայց դա չի նշանակում, որ ես երբևէ այդ թեմայով չեմ խոսի: Ուղղակի հիմա այնպիսի իրավիճակ է, որ ցանկություն չունեմ: Ըստ էության ամեն ինչ ասված է, ամեն ինչ չէ՝ շա՜տ բան ասված է, շատ բան հայտնի է: Շատ տեսակետներ կան: Հիմա մի ժամանակ է, երբ որ պետք է կայացվեն ինչ-որ որոշումներ: Իմ մասով ես ինչ ունեի ասելու՝ ասել եմ: Հաջորդ պահին, երբ որ կլինի մի նոր բան ասելու անհրաժեշտություն, ես, իհարկե, կանդրադառնամ դրան»:










































