Աժ էթիկայի հանձնաժողովը երեկ կայացրել է որոշում, որի արդյունքում կարող է խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ մտնել Աժ պատգամավորին մանդատից զրկելու հարցը: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ խոսքը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի մասին է:
Նրա սկանդալային հեռախոսազրույցի վերաբերյալ հեռուստառեպորտաժ էր պատրաստել «panorama.am»-ը, որի հիման վրա Ռազմավարական մշակումների կենտրոն Հ/Կ ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը դիմել է էթիկայի հանձնաժողով, պնդելով, որ Մելքումյանը խախտել է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ պատգամավոր լինելով, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Հանձնաժողովը երեկ որոշում է կայացրել սկսել դիմումի քննությունը: Եթե էթիկայի հանձնաժողովը եզրակացնի, որ Մելքումյանը խախտել է նշված հոդվածի 1-ին մասը, դրա հիմքով Աժ-ն պետք է քննի Մելքումյանին մանդատից զրկելու հարցը: Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, սակայն, նշել է, որ դիմումի քննությունը սկսելու մասին որոշումը կանխավարկած չի պարունակում, և որևէ մեկը չի կարող կանխորոշել, թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը:










































