Սիրիայի զորքերը կանխել են Դամասկոսից 220 կմ հյուսիս գտնվող Համա քաղաքի` ընդդիմադիրների կողմից գրավումը, սակայն քաղաքի մոտ ընթանում են դաժան մարտեր:
«Սուրիյա» հեռուստակայանի փոխանցմամբ՝ կառավարական զորքերը Թել-Դաբաղում, Ջանանում հարվածել են, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակի դիրքերին՝ ոչնչացնելով նրանց ռազմական տեխնիկան:
Ինչպես հաղորդում է «Սուրիյա Ալ-Ան» տեղեկատվական գործակալությունը, երկրի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում Սիրիայի կառավարական զորքերի հրամանատարությունը ձգտում է պաշտպանել քաղաքի ազատագրված շրջանները: Վերջին մի քանի օրերի ընթացքում ընդդիմադիրներին հաջողվել է ճեղքել կառավարական ուժերի մի քանի պաշտպանական գծեր:
Գործակալության փոխանցմամբ՝ զինված ծայրահեղականներին հաջողվել է ներխուժել քրիստոնյաներով բնակեցված Ալ-Ջդեյդա թաղամաս: Կառավարական զորքերին հաջողվել է կանխել նրանց հետագա առաջխաղացումը, զորքերը պատրաստվում են մաքրել հին քաղաքը:
Հալեպի արևելյան ծայրամասում գրոհայինները երկու կիլոմետր հեռավորության վրա են գտնվում ռազմաարտադրական համալիրի ձեռնարկությունից և կրակում են դրա ուղղությամբ Սֆեյրայից: Սիրիայի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում՝ ստեղծված վտանգը չեզոքացնելու համար:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ավարտին է մոտենում ընդդիմադիրների դեմ ռազմական գործողությունը: Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է ազատագրել Դարաա տեղամասի մեծ մասը, որտեղից Սիրիայի ազատ բանակը սպառնում էր Դամասկոսի քաղաքային թաղամասերին և փորձում էր գրավել Մեզզա օդանավակայանը:
Գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալված զինված ընդդիմադիրների շրջանում եղել են նաև մի խումբ օդաչուներ (երկու դասալիք սիրիացի օդաչու, երկու լիբիացի և երեք թուրք): Գործակալության տեղեկատվության համաձայն՝ օդաչուների խնդիրն է եղել օդ բարձրացնել կործանիչներ և հարձակվել նախագահական նստավայրի վրա:








































