Ընդդիմությունն ընտրական գործընթացը պետք է օգտագործի իշխանությունը վերցնելու համար՝ իշխանությանն իր աթոռից հեռացնելու և շպրտելու համար: Այսօր «Հանրապետություն» կուսակցության համագումարում այս մասին ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ, սակայն կուսակցական աշխատանքներին իր ակտիվ մասնակցությունը սառեցրած Սմբատ Այվազյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ընտրական գործընթացներին:
Սակայն նրա խոսքով` «մտածել, որ այս երկրում ընտրություններով որևէ բան կփոխվի, անիմաստ է»:
Անդրադառնալով իր ավելի վաղ տարածած հայտարարությանը՝ Ս. Այվազյանն ասաց, որ այն ուղղված էր ՀՀ նվիրյալ զավակներին: «Որևէ ուժի ես չեմ դիմել: Պոտենցիալ դաշնակից եմ տեսնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք մտածում են երկրի ապագայի, իրենց ընտանիքների, իրենց զավակների ապագայի, երկրի անվտանգության համար»,- պարզաբանեց Սմբատ Այվազյանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի որոշմանը՝ Ս. Այվազյանը պատասխանեց` նրա որոշումը ստեղծված իրավիճակում միգուցե ճիշտ էր:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության համագումարի ընթացքում կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարեց գալիք նախագահական ընտրություններում իր չառաջադրման որոշման մասին:







































