Եթե քաղաքական ընդդիմությունը, ՀԱԿ-ը չկարողանա ի մի գալ, խնդիրն անլուծելի կդառնա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով Հրանտ Բագրատյանի հայտարարությանը:
Նրա կարծիքով՝ եթե քաղաքական ընդդիմությունը, այդ թվում ՀԱԿ-ը, չկարողանա հանդես գալ այն թեկնածուով, որը կկարողանա ձևավորել գործող ռեժիմին լուրջ այլընտրանք հանդիսացող կենտրոն, ապա խնդիրն անլուծելի կդառնա: Պ. Մակեյանը հիմա չի կարող ասել, թե Բագրատյանը կարո՞ղ է այդ թեկնածուն դառնալ, թե՞ ոչ:
«Ինքը, որպես անհատականություն, արժանի է ավելիին, բայց հիմա գիտեք` քաղաքական շահերը տարբեր են: ՀԱԿ-ում թեկնածուներ շատ կան, պետք է արժանավորին գտնել, Բագրատյանն արժանի է: Պետք է կարողանանք հասկանալ Լևոն Տեր-Պետրոսյանի ասելիքը, նա դեռևս չի խոսել, այդ առումով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը ձեռնպահ է մնում դիրքորոշում արտահայտելուց»,- նշեց Պետրոս Մակեյանը:
Նա հավելեց, որ քաղաքական պրոցեսներն այնպիսի արագությամբ են ընթանում, որ սպասելու ժամանակ չկա՝ այսօր-վաղը պետք է հստակեցվեն մոտեցումները:
Հարցին, թե որն է ՀԱԿ-ից գործիչների հոսքի պատճառը, «Ժողովրդավարական հայրենիքի» նախագահը պատասխանեց` սխալներն ակնհայտ են եղել: Մակեյանը դրանց կանդրադառնա ավելի ուշ:
Հիշեցնենք, որ «Ազատություն» կուսակցության ղեկավար, պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարություն էր տարածել, որ «Ազատություն» կուսակցության համագումարը տեղի է ունենալու դեկտեմբերի 24-ին՝ տեղեկացնելով, որ համագումարի օրակարգում է իրեն որպես նախագահի թեկնածու առաջադրելու հարցը: Նա նաև հավելել էր, որ միառժամանակ դադարեցնում է ակտիվ համագործակցությունը ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ:








































