Թուրքիան արել է հնարավոր ամեն ինչ՝ հետաքննելու համար 1915թ. իրադարձությունները: Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը:
Նրա խոսքով՝ Անկարան իր արխիվները բացել է համաշխարհային հանրության առաջ 1915թ. իրադարձությունների հետաքննման համար:
Չիչեքն ասել է, որ չնայած դրան՝ մի շարք երկրների խորհրդարաններ 1915թ. դեպքերն ընդունել են որպես հայոց ցեղասպանություն:
«Խորհրդարանները չպետք է զբաղվեն պատմական փաստերի հետաքննությամբ, նրանց խնդիրն է նպաստել երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Չիչեքը:
Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը ցանկանա կրկին հետաքննել 1915-ին տեղի ունեցածը, Անկարան պատրաստ է համատեղ հանձնաժողով ստեղծել և ամբողջ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել այդ գործում:









































