Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը 1963-1978թթ. հռոմեական-կաթոլիկ եկեղեցին առաջնորդած Պավել VI-ի «հերոսական արիության» մասին դեկրետ է ստորագրել: Այսպիսով արվել է հանգուցյալ Պապի բեատիֆիկացիայի առաջին քայլը:
Նշված դեկրետը նշանակում է, որ Պավել VI-ը վարել է քրիստոնյայի օրինակելի կյանք: Նրան օրհնյալների շարքում դասելու համար անհրաժեշտ է, որ նրա արած որևէ հրաշք հաստատվի, իսկ սրբերի շարքում դասվելու համար` ևս մեկ հրաշք, փոխանցում է Lenta.ru-ն:
Պավել VI-ի օրոք թույլ է տրվել պատարագ մատուցել ազգային լեզուներով: Նա մի շարք կոնդակներ է արձակել, այդ թվում` Humanae Vitae-ն: Դրանցում նա քննադատել է հակաբեղմնավորումը:
Պավել VI-ը նաև ակտիվորեն հանդես է եկել հռոմեական կաթոլիկ եկեղեցու` այլ քրիստոնեական եկեղեցիների հետ կապ հաստատելու օգտին, և եղել է առաջին Պապը, որն այցելել է բոլոր 5 մայրցամաքները:
Օրհնյալների շարքում դասված վերջին Պապը Հովհաննես Պողոս II-ն է` 2011-ի մայիսին:









































