«Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում»,- այսօր հայտարարել է Վրաստանի կաթողիկոս Իլյա 2-րդը հայ համայնքի ներկայայցուցիչների հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի պատրիարքարանում հանդիպմանը, մասնավորապես, ներկա են եղել պոետ Գիվի Շահնազարը, Վրաստանում հայ համայնքի անդամներ ու Վրաստանի պատրիարքարանին կից միջկրոնական հարաբերությունների հանձնաժողովի անդամները:
«Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակում: ՄԻջազգային հարաբերությունները շատ են բարդացած: Հայաստանն ու Վրաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում: Հիշում եմ իմ հանդիպումը Հռոմի պապի հետ Վատիկանում: Նա վերցրեց ատլասը ու նայեց Վրաստանի ու Հայաստանի աշխարհագրական դիրքին: Հետո ասաց, որ Վրաստանն ու Հայաստանը բավական բարդ աշխարհագրական դիրքում են, որ նրանք քրիստոնեական օազիսներ են: Այդ պատճառով մենք պետք է հատկապես ուշադիր լինենք միմյանց նկատմամբ: Շատ են դեպքերը, երբ մեր ժողովուրդների այս կամ այն ներկայացուցիչը՝ լինի վրացի թե հայ, անում է այնպիսի հայտարարություններ, որոնք վնասում են մեր հարաբերություններին»,- հայտարարել է վրացի կաթողիկոսը:








































