CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հրավիրված չի եղել Göktürk-2 հետախուզական արբանյակի արձակման կապակցությամբ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը: Վերջինիս, սակայն, մասնակցել են երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը. խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը, Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը:
Նրանք ուղիղ եթերով հետևել են Գոբի անապատում գտնվող չինական տիեզերակայանից արբանյակի արձակմանը: Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ իրենք չեն կազմակերպել տվյալ միջոցառումը: Պաշտպանական արդյունաբերության նախարարությունում խուսափողական պատասխան են տվել՝ նշելով, թե միջոցառման կազմակերպիչներն են TUSAŞ ընկերությունը և Տիեզերական տեխնոլոգիաների հետազոտական ինստիտուտը (KOSMOS):
Չանքայա նախագահական նստավայրում եղած աղբյուրները մտահոգություն են հայտնել, որ այդ միջոցառմանը չեն հրավիրել երկրի նախագահին:









































