Այսօր Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովում քննարկվում էր Վերահսկիչ պալատի 2013 թ. հաշվետվության՝ կրթությանը վերաբերող հատվածը:
Հայտնի է, որ այս ոլորտում ու հատկապես դպրոցների վերանորոգման ծրագրում մեծ չարաշահումներ են գրանցվել: Ընդհանուր առմամբ, այդ ոլորտում տեղի է ունեցել շուրջ 3 մլրդ դրամի չարաշահում: Եվ այդ հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը քննարկման ժամանակ անընդունելի համարեց այն հանգամանքը, որ կրթության նախարարն ու փոխնախարարը չգիտեն, թե որքան աշակերտ և ուսանող կա Հայաստանում:
«Չարաշահումներն ահավոր շատ են: Լուրջ, մեծ, ակնհայտորեն բացահայտված չարաշահումներ են, բայց իշխանությունները շատ մեղմ են վերաբերվում դրանց: Ընդամենը ճշգրտումներ են մտցնում, ընդամենը հորդորում են, որ խախտում անողներն այդ 700 մլն դրամը փոխանցեն պետբյուջե: Այսպիսի հումանիստ երկիր աշխարհում գոյություն չունի:
Կրթության ոլորտում 700 մլն դրամը հանաք թիվ չէ: Ընդամենը երեք թիվ գումարեցի, այդքան ստացվեց: Եվ այդ բացահայտումների արդյունքում տեղի են ունեցել ուղղումներ, և մարդիկ խոստացել են այդ գումարը մինչև տարվա վերջը փոխանցել բյուջե: Մինչդեռ այդ բյուջեն կազմվել է հետևյալ խախտումներով՝ աշակերտ չկա՝ փող է դուրս գրվել, ուսուցիչ չկա՝ ուսուցիչ է գրվել, և փող է դուրս գրվել: Սնունդ չի եղել, բայց սննդի համար փող է դուրս գրվել:
Եվ այս մի հարցն էլ վերջին ակորդն էր, երբ ոչ նախարարը, ոչ էլ փոխնախարարը չգիտեն, թե սեպտեմբերի վերջին Հայաստանում քանի աշակերտ կա: Սա արդեն վերջն է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Ա. Մանուկյանը:








































