Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բանակը կրակ է բացել Իրաքի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի ուղղությամբ,- հաղորդում է «Ալ-Իթիհադ» թերթը:
Քրդական ինքնավարության ռազմական գործերով նախարարի տեղակալ Անվար Օսմանի խոսքերով՝ ինքնավարության տարածքով թռչող Իրաքի ուղղաթիռի ուղղությամբ կրակոցը եղել է նախազգուշացում, իսկ հաջորդ անգամ քրդական բանակը կտա ավելի կոշտ պատասխան:
Հիշեցնենք, որ անցած ամիս Իրաքի կառավարական զորքերի և Քրդական ինքնավարության զինված ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է Իրաքի բանակի 12 զինվոր և մեկ խաղաղ բնակիչ: Բախումները տեղի են ունեցել Թիքրիթ քաղաքում, որը գտնվում է կենտրոնական կառավարության վերահսկողության ներքո: Բախումների պատճառ է հանդիսացել Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի կարգադրությունը, որի համաձայն՝ կենտրոնական կառավարության զորքերը չեն կարող մտնել ինքնավարության տարածք:











































