Վրացական «Թբիլիսյան շաբաթ» թերթի փոխանցմամբ՝ սահմանադրագետ Ավթանդիլ Դեմետրաշվիլին չի տեսնում ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական հեռանկարներ, որ նախագահը հաջորդ տարվա ապրիլին ազատ կարձակի խորհրդարանը: Դեմետրաշվիլին լրագրողներին հայտարարել է, որ Սահմանադրության համաձայն՝ պետք է առկա լինի խորհրդարանի արձակման համար երեք հիմքերից մեկը.
«Նախ դա կարող է տեղի ունենալ, եթե խորհրդարանը Սահմանադրությամբ հաստատված ժամկետում չհաստատի բյուջեն: Երկրորդ՝ դա հնարավոր է, եթե խորհրդարանը երեք անգամ չհաստատի նախագահի կողմից ներկայացված կառավարությունը: Եվ երրորդ՝ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե խորհրդարանն անվստահություն հայտնի կառավարությանը:
Սակայն նախագահը կարող է արհեստականորեն առաջացնել նոր կառավարության ձևավորման գործընթացը: Մասնավորապես, նախագահն իրավունք ունի կառավարությունն արձակել և խորհրդարանին ներկայացնել կառավարության նոր կազմ:
Հետևաբար, եթե խորհրդարանը երեք անգամ հրաժարվի հաստատել նրա կողմից առաջարկված կառավարությունը, ապա նախագահը կարող է արձակել խորհրդարանը: Իրադարձությունների այդպիսի զարգացումը կհանգեցնի քաղաքական իրական ճգնաժամի»:











































