«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի ռազմավարական hետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Կայծ Մինասյանը:
– Պարոն Մինասյան, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ: Հետաքրքիր է՝ ի՞նչ արդյունքներ են ակնկալվում Ֆրանսուա Օլանդի կազմակերպելիք հանդիպումից, եթե Ֆրանսուա Օլանդի վարկանիշը չափազանց ցածր է:
– Եթե Օլանդի հեղինակությունը թույլ է ներսում, միջազգային հարթակում Օլանդը բավականին ազդեցիկ է, բոլոր ճակատներում՝ Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, Աֆղանստանում, Օլանդն ակտիվ է: Ֆրանսիան ցանկանում է նոր որակ ստեղծել տարածաշրջանում և առիթն օգտագործելով՝ Սոչիի և Նյու Պորտի հանդիպումներից հետո Փարիզում հանդիպել և պահպանել հանդիպումների այս ռիթմը, բանակցություննների և երկխոսության դինամիկան: Ֆրանսիացիները հույս ունեն, որ բանակցությունները կմտնեն նոր ընթացք, և ցանկանում են նոր մթնոլորտ ձևավորել, թե հայերին, թե ադրբեջանցիներին ցույց տալ, որ մինչև հիմա իրականացված քաղաքականությունը անարդյունավետ էր և պետք է կայուն զինադադար ձևավորել: Ֆրանսիացիները նոր մշակույթ են ցանկանում ներմուծել վերջին հանդիպումներից հետո: Իսկ արդյոք կհաջողե՞ն իրենց այս մտադրությունը՝ չեմ կարծում:
Հարց է՝ արդյոք կարելի՞ է ակնկալել միացյալ մամլո ասուլիս հանդիպումից հետո, արդյոք սպասո՞ւմ են միացյալ հայտարարություն, որ երկու նախագահները ստորագրեն, կամ մեկ այլ բան՝ հստակ չէ: Միջազգային հարաբերությունների կարգավիճակն ու Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը տեսնում ենք, որ արտահայտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը հանգեցնում է այս ձևաչափի թուլացման:
– Եվ Սոչիում, և Նյու Պորտում կայացած հանդիպումներից հետո միացյալ հայտարարություն չի եղել: Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ, որ Փարիզում կլինի որևէ հայտարարություն, որը կարևոր է՝ հասկանալու համար, թե բանակցություններն ինչ փուլում են:
– Նախ՝ պետք է իմանանք, թե ինչ պետք է տեղի ունենա Փարիզի հանդիպմանը: Հստակ չէ, թե ինչ առաջարկներ են դրվելու սեղանին: Ըստ իս՝ կա անվստահության մթնոլորտ, այդ պատճառով միացյալ հայտարարություններ չեն լինում: Հայտարարություն կլինի այն դեպքում, երբ վստահության նվազագույն նշաններ լինեն, բայց նման նշաններ չկան:
– Եթե չկա վստահության մթնոլորտ, ինչի՞ շուրջ կարող են բանակցել նախագահները՝ կրակի դադարեցմա՞ն, թե՞ մադրիդյան սկզբունքների կամ շվեյցարական առաջարկի շուրջ:
– Եթե վստահության հարցը լուծված չէ, շատ դժվար է հստակ բան սպասել:Կա զինվորական մոտեցում, այսինքն՝ կողմերը կգնա՞ն արդյոք գերիների վերադարձման և այս ուղղությամբ համագործակցության, երկրորդ՝ դիվանագիտական հանդիպումները կշարունակվե՞ն արդյոք այդ ռիթմով, թե՞ ոչ, դիվանագիտական նոր գործընթաց կսկսվի՞, թե՞ ոչ:
Երրորդ մոտեցումը հասարակությունների բարեկամությունն է: Գլխավոր հարցը հետևյալն է՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պատրա՞ստ են նվազագույն վստահության մթնոլորտ ստեղծել ու հարգել, թե՞ ոչ: