Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները որոշում են կայացրել կասեցնել Ուզբեկստանի անդամակցությունը կազմակերպությանը: Լրատվական գործակալությունների տեղեկացմամբ`այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ խորհրդի նիստում:
«Մենք այսօր կայացրել ենք այդ որոշումը՝ համաձայնել ենք նրանց խնդրանքին ու կասեցրել Ուզբեկստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- ըստ «Ռուսաստանի ձայնի» հայտարարել է Բելառուսի նախագահը:
«Մենք պայմանավորվել ենք, որ կազմակերպության կազմ ընդունվելու հարցում ոչ մի աչքակապություն այլևս չի լինի, այդ թվում՝ այդ պետության համար»,- ընդգծել է նա:
Հունիսի վերջին Ուզբեկստանը ՀԱՊԿ քարտուղարություն էր ուղարկել իր լիազորությունները կազմակերպության շրջանակում դադարեցնելու մասին, սակայն ավելի վաղ էր հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: 1999թ. Տաշքենդը հրաժարվել էր երկարացնել պայմանագիրը, սակայն 2006թ. օգոստոսին վերականգնեց անդամակցությունը կազմակերպությանը:
Ներկայում ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզըստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:








































