Ֆրանսիայի արդարադատությունը հրաժարվել է փակել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի դեմ դատական գործը: Համապատասխան որոշումն այսօր կայացրել է երկրի Դուէ քաղաքի Վերաքննիչ դատարանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով մեղադրյալի փաստաբաններից մեկին՝ Ֆրեդերիկ Բոլյոին:
«Դատարանը մերժել է գործը փակելու մասին լրջորեն հիմնավորված հայցը,- ասել է փաստաբանը ֆրանսիական հեռուստատեսության ուղիղ եթերում:- Որոշված է. մենք կշարունակենք մեր պայքարը և կհասնենք Դոմինիկ Ստրոս Կանի վրայից մեղադրանքները հանելուն»:
Խոսքը, այսպես կոչված, «Կառլտոնյան գործի» մասին է՝ աղմկալի սկանդալ, որը կապված է Լիլ քաղաքի «Կառլտոն» հյուրանոցի մարմնավաճառության ընդհատակյա ցանցի գործունեության հետաքննության հետ:
2011 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի իրավապահ մարմինների տրամադրության տակ հայտնվեց Ստրոս Կանի և ձերբակալված կավատներից մեկի միջև տեղի ունեցած SMS նամակագրությունը:
Ենթադրվում էր, որ ֆինանսիստը պարբերաբար օգտվել է վճարովի սեռական բնույթի ծառայությունից և անմիջականորեն մասնակցել ընդհատակյա ցանցի ստեղծմանը:







































