Грузия Online-ի փոխանցմամբ՝ Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) հրապարակել է «Վրաստան – խաղաղ գոյակցության ճանապարհին» զեկույցը, որը նվիրված է Վրաստանում ոչ հեշտ անցումային շրջանին:
Զեկույցում նշված է, որ թեև հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին, կողմերի հարաբերությունները դեռ մնում են չափազանց լարված:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ոգևորող և հազվագյուտ օրինակ է (Վրաստանում) ընտրությունների միջոցով հետխորհրդային կառավարության փոփոխումը: Նոր կառավարության անմիջական առաջնահերթությունները պետք է լինեն դատական և քրեակատարողական համակարգերի, ինչպես նաև ՆԳՆ-ի հանդեպ վստահության ձևավորումը:
Զեկույցում ընդգծվում է, որ հին և նոր կառավարությունների միջև լարվածության աճը պայմանավորված է նախկին և գործող պաշտոնյաների ձերբակալություններով, որոնց ներկայացվել են ամենատարբեր մեղադրանքներ՝ ծառայողական լիազորությունների չարաշահումից մինչև կտտանքներ:
Դեռ չկան Վրաստանում իրականացվող ձերբակալությունների քաղաքական դրդապատճառների մասին ապացույցներ, սակայն հասարակական վստահության համար չափազանց կարևոր է, որ հետաքննություններն ու դատական գործընթացներն անցկացվեն թափանցիկ:
Կառավարությունը նաև պետք է առաջնահերթ ուշադրություն հատկացնի ծանր հանցագործություններին, ձևավորի նախորդ կառավարության ժամանակ ավարտված քրեական գործերի ստուգման հանձնաժողովներ և առաջարկի համաներում ու փոխհատուցում ավելի թեթև հանցագործությունների համար, որպեսզի հնարավորություն ունենա կենտրոնանալ կենսական անհրաժեշտության ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացման վրա:
Այդպիսի բարեփոխումների համար անհրաժեշտ կոնսենսուս պահպանելու նպատակով կառավարությունը պետք է կանոնավորապես հասարակությանն իրազեկի գործողությունների պլանի մասին, ԶԼՄ-ներում լուսաբանի նախարարների կաբինետի հանդիպումները: Նախագահի ու վարչապետի հանդիպումների լուսաբանումը նույնպես կարող է նպաստել կայունությանը:
Խորհրդարանական ընտրություններում նախորդ կառավարության պարտության հիմնական պատճառը բանտերում և օրենսդիր համակարգի ոլորտում կատարված չարաշահումներն են: Դատավորներն ու դատախազները պետք է իսկապես անկախ լինեն քաղաքական ճնշումներից:
Վրաստանի նոր կառավարությանը հեշտ առաջադրանք չի սպասվում նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում օտարման մեղմման հարցում: 2008 թվականին երկու երկրների միջև տեղի է ունեցել կարճատև պատերազմ, որի հետևանքով ինքնահռչակ Աբխազիան ու Հարավային Օսիան մնացին ռուսական զորքերի վերահսկողության տակ:
Կապերի վերականգնման համար ջանքերը պետք է կենտրոնացվեն ոչ քաղաքական ոլորտներում, ուր աճի գրանցումը հասանելի է կարճաժամկետ հեռանկարում: Որպես առաջին քայլ՝ երկու երկրները, անգամ հարաբերությունների սառեցված լինելու պայմաններում, կարող են համապատասխանաբար բացել Մոսկվայում ու Թբիլիսիում առևտրային առաքելությունները:
Վրաստանի նոր կառավարությունը պետք է կենտրոնանա ոչ թե անցյալի, այլ ապագայի ինստիտուտների ուժեղացման վրա:











































