Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ-ի դեսպանի և հյուպատոսության երեք աշխaտակիցների սպանության համար պատասխանատվություն է կրում պետքարտուղարությունը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նման եզրահանգման է եկել անկախ հանձնաժողովը, որը հետաքննել է 2012 թ. սեպտեմբերի 11-ին Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման հանգամանքները:
Հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ պետդեպի կենտրոնական համակարգի աշխատանքի պարբերաբար ձախողումները, դրա ստորաբաժանումների միջև պատշաճ փոխազդեցության բացակայությունը հանգեցրել են նրան, որ չի հաջողվել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Բենղազիում հյուպատոսության անվտանգությունն ապահովելու և դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակմանը պատշաճ կերպով արձագանքելու համար:
Զեկույցում ընդգծվում է, որ պետդեպի կենտրոնական համակարգի ոչ բավարար աշխատանքը պետք է հանգեցնի համապատասխան եզրակացությունների:
Զեկույցում բացասական գնահատականի են արժանացել նաև լիբիացի իրավապահ մարմինները և ընկերության աշխատակիցները, որոնց պայմանագրով վարձել էին հյուպատոսության անվտանգությունն ապահովելու համար: Իսկ Բենղազիի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներն իրենց դրսևորել են լավագույն կերպով:
Հանձնաժողովի զեկույցում ապացուցվում է նաև այն փաստը, որ սեպտեմբերի 11-ին Բենղազիի հյուպատոսության մոտ որևէ բողոքի ակցիա չի եղել, իսկ հյուպատոսության վրա հարձակումը եղել է մանրամասն ծրագրավորված գործողություն:
Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին և ստորին պալատների արտաքին գործերով կոմիտեների համատեղ նիստում քննարկվելու են Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման հանգամանքները: Ակնկալվում էր, որ նիստին մասնակցելու է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, սակայն նա ստիպված է բաց թողնել այս միջոցառումը առողջական խնդիրների պատճառով:








































