Բրիտանական Մանչեսթերը ճանաչվել է Եվրոպայի ամենաբազմալեզու քաղաքը. նրա բնակիչները խոսում են 153 լեզուներով:
Ուսումնասիրության հեղինակ, պրոֆեսոր Յարոն Մատրասը նշել է, որ թեև Լոնդոնում 300 լեզուներ են օգտագործվում, սակայն դա բացատրվում է նրանով, որ այնտեղ են տեղակայված օտարերկրյա դեսպանատները: Ինչ վերաբերում է Մանչեսթերին, ներկա պահին նրա բնակիչների թիվը կես միլիոն է կազմում, սակայն մշակութային բազմազանության տեսանկյունից այն կարող համեմատվել Նյու Յորքի և Փարիզի հետ:
Euromag-ը տեղեկացնում է, որ այդ լեզուների շարքում հանդիպում են տասնյակ հնդկական բարբառներ, Արևմտյան Աֆրիկայի լեզուներ, քրդերեն, գնչուերեն, ույգուրերեն և նույնիսկ նաուաթլ՝ Մեքսիկայի ացտեկների հնագույն լեզուն:
Օտարերկրացիների մեծամասնությունը տանը խոսում է իր մայրենի լեզվով, իսկ աշխատավայրում և ուսումնական հաստատություններում՝ անգլերեն:








































