Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է դեկտեմբերի սկզբին, կդասավանդի Բելգիայում՝ Լյուվենի կաթոլիկ համալսարանում (UCL): Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով RTBF հեռուստա-ռադիոընկերությանը:
Եվրախորհրդի պաշտոնը լքող Ռոմպեյը կսկսի դասախոսություններ կարդալ հոկտեմբերի 6-ից: Երկրորդ կիսամյակից նրա պայմանագիրը կերկարաձգվի:
«Հերման վան Ռոմեյը կլինի հրավիրված դասախոս և իր գիտելիքները ուսանողներին կփոխանցի եվրոպական հետազոտությունների բնագավառում»,- ասել է Եվրոպական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Վենսան Դյուժարդանը:
Բելգիայի նախկին վարչապետը 1980-2004թթ. դասախոսություններ է կարդացել Անտվերպենի և Բրյուսելի համալսարաններում:
«UCL-ն առաջին համալսարանն է, որն ինձ 2010թ. սկզբին շնորհել է գիտությունների պատվավոր դոկտորի կոչում: Ես նրան դրա համար երախտապարտ եմ»,- ասել է Ռոմպեյը:
RTBF-ի տվյալներով՝ Ժոզե Մանուել Բարոզուն, որին նոյեմբերի 1-ից Եվրահանձնաժողովի պաշտոնում կփոխարինի Ժան Կլոդ Յունկերը, նույնպես կարող է դասավանդել UCL-ում:








































