«ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո ՀՀ-ում սկսում է հեռահաղորդակցության ծառայություններ մատուցել: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «ՋիԷնՍի-Ալֆա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ֆիզիկական անձանց կմատուցվեն ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության, շուտով նաև՝ ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ:
«Մեր շուկայում մեծ պահանջարկ կա ժամանակակից հեռահաղորդակցության ծառայությունների նկատմամբ, և այսուհետ մեր երկրի սպառողներին հասանելի կլինեն որակապես նոր մակարդակի ծառայություններ»,- ասաց Հ. Ֆարամազյանը:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Ալեքսանդր Պրովոտորովի խոսքով՝ իրենց կապի արագության հնարավորություններն անսահմանափակ են, սակայն միջին պահանջարկը 10-15 մբիթ/վրկ է: Նա կարևորեց «ՋիԷնՍի-Ալֆա»-ի ստեղծած ենթակառուցվածքները և նշեց, որ իրենց զարգացման համար լուրջ նախադրյալներ կան: Ընդ որում՝ ՌԴ-ից հետո ՀՀ-ն առաջին երկիրն է, որտեղ «Ռոստելեկոմը» սկսել է տրամադրել իր ծառայությունները:
«ՋիԷնՍի-Ալֆա»-ի ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Այն միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով: Դեկտեմբերից ընկերությունը վաճառք է իրականացնում ՀՀ 3 քաղաքներում և առաջիկայում` 2013-2014 թթ. ընթացքում, պլանավորում է ընդլայնել գործունեությունը մանրածախ ծառայությունների մատուցման ուղղությամբ՝ ներդնելով մոտ 10 մլն դոլար և ընդգրկելով ՀՀ բոլոր քաղաքները:
Այսօր նաև «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո Աբովյանում բացվեց կապի ծառայությունների վաճառքի առաջին սրահը: Մինչև տարեվերջ կգործարկվեն ևս 5 սրահներ, իսկ հունվարին՝ ևս 4-ը:
Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմ»-ն այս տարվա փետրվարին «ՋիԷնՍի-Ալֆա»-ի սեփականատերերից 22.5 մլն դոլարով ձեռք բերեց 75%-1 բաժնետոմսերը:









































