Վերջին օրերին արձանագրված իսրայելական տարածքի ռմբակոծություններից հետո, երբ պաղեստինյան տարածքից մի քանի տասնյակ հրթիռներ էին բաց թողնվել իսրայելական տարբեր քաղաքների ուղղությամբ, իսրայելական կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել հակաօդային պաշտպանության համակարգ, որը կոչվելու է «Երկաթյա գմբեթ»: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը` մեջբերելով երկրի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հայտարարությունը:
Բարաքը նշել է, որ հակահրթիռային այդ համակարգը վերջնական շահագործման կհանձնվի մի քանի տարիների ընթացքում, սակայն դրա փորձարկումն արդեն կսկսվի մոտ ժամանակներում և կիրականացվի ռազմական գործողությունների պայմաններում:
Իսրայելական Rafael Advanced Defense Systems ընկերության կողմից մշակվող այս համակարգը, որին մասնակցելու են նաև ամերիկյան մասնագետները, Իսրայելին հնարավորություն է տալու պաշտպանել իր տարածքը 4-70 կմ հեռահարության հրթիռներից: Այն համարվում է աշխարհի ամենաթանկարժեք համակարգերից մեկը:
Համակարգը վերջնական շահագործման հանձնելուց հետո, նույնիսկ 100% արդյունավետության դեպքում այն 40-200 անգամ ավելի թանկ կնստի Իսրայելի կառավարության վրա, քան նրա կողմից վնասազերծվող ցանկացած հրթիռ: