Երեկ Ազգային ժողովում, երբ երիտասարդ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում էր Ազգային ժողովի Կանոնակարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է Էթիկայի հանձնաժողովում ավելացնել իշխանության ներկայացուցիչների թիվը` հավասարեցնելով ընդդիմության ներկայացուցիչների թվին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բավական բորբոքվեց ընդդիմադիր պատգամավորների հարցերից և երբ ՀՅԴ խմբակցության անդամներ Արծվիկ Մինասյանը և Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեցին, թե ինչու է հարցը ներկայացնում մի անձ, որը նույնիսկ Էթիկայի հանձնաժողովում չի ներկայացված, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նյարդայնացավ: «Ձեր ի՞նչ գործն է, թե ով է ներկայացնում… …Ի՞նչ եք խառնվել իրար, օրիորդի հետ եք խոսում, գոնե դա հաշվի առեք»,- Արփինե Հովհաննիսյանի թասիբին կանգնեց Աբրահամյանը` շարունակելով աջ ու ձախ կշտամբել Արփինե Հովհաննիսյանին հարց ուղղողներին… Քննարկման ավարտին «Առաջին լրատվական»ը զրուցեց ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանի հետ:
– Ձեր ներկայացրած օրինագիծը բավական բուռն արձագանքի արժանացավ, նաև Հովիկ Աբրահամյանը բավական բուռն արձագանքեց: Ձեր կարծիքով` ի՞նչն էր պատճառը, որ Հովիկ Աբրահամյանը նման կերպ ափերից դուրս եկավ, քանի որ նույնիսկ բյուջեի քննարկման ժամանակ նման արձագանք իր կողմից չի եղել:
– Քննարկումն իրոք բուռն էր, դա չեմ ժխտի: Ինչ վերաբերում է պարոն Աբրահամյանի արձագանքին, ապա այս պահին, իհարկե, չեմ հիշի, բայց բավականին քննարկումներ եղել են, որտեղ պատգամավորների վարքագծի և կոռեկտության հետ կապված պարոն Աբրահամյանը միշտ արձագանքել է: Երևի այսօր պատճառն այն է, որ տղամարդ պատգամավորները հատկապես իրենց թույլ տվեցին այնպիսի եզրույթներ օգտագործել, որոնք ես ինձ թույլ չեմ տա որպես կին բարձրաձայնել: Եվ դրա հետ կապված պարոն Աբրահամյանի արձագանքն էր, որ ամեն դեպքում խորհրդարանում պետք է կոռեկտությունը պահպանվի: Իսկ կոռեկտությունը այսօրվա քննարկումների ժամանակ, համենայնդեպս իմ խորին համոզմամբ, չպահպանվեց:
– Ստացվում է, Հովիկ Աբրահամյանը փորձում էր Ձեզ պաշտպանե՞լ տղամարդ պատգամավորների արտահայտություններից: Փաստ է, որ կոռեկտությունը նաև Հովիկ Աբրահամյանի կողմից չպահպանվեց: Նա էլ իր հերթին ոչ կոռեկտ արտահայտություններ արեց:
– Ճիշտն ասած, ես իրոք ամենևին հակված չեմ այն տեսակետին, որ պարոն Աբրահամյանը փորձում էր ինձ պաշտպանել: Պարոն Աբրահամյանն ընդամենը, ինչպես ինքը մատնանշեց, Սահմանադրության բնականոն գործունեության շրջանակներում և ԱԺ Կանոնակարգ-օրենքի 18-րդ հոդվածում ամրագրված իրավունքների շրջանակում ընդամենը փորձում էր նիստի բնականոն ընթացքն ապահովել, իսկ նիստի բնականոն ընթացքը ամենևին էլ չէր խախտվում պարոն Աբրահամյանի ռեպլիկներով, այլ տեղից բազմաթիվ ռեպլիկներ էին հնչում, և բացի դա` իրենց ելույթներում, հարցադրումներում ասում էին էնպիսի բաներ, որոնք նիստի տրամաբանության մեջ չէին տեղավորվում: Դրա համար էլ պարոն Աբրահամյանն օգտվեց Կանոնակարգ-օրենքով իրեն վերապահված իրավունքներից, և չեմ կարծում, որ ինքը դուրս եկավ կոռեկտության շրջանակներից:
– Կարծում եք, որպես կին` Ձեր իրավունքները ոտնահարվեցի ՞ն, չէ՞ որ խոսքը կոնկրետ օրինագծին էր վերաբերում և ընդդիմության շահերի հետ բախում ունի:
– Ես իմ եզրափակիչ ելույթում էլ նշեցի, որ պետք չէ ավելի խնայողաբար մոտենալ` ելնելով նրանից, որ կին ես, չամուսնացած ես կամ երիտասարդ ես: Առհասարակ երիտասարդության հանդեպ թերահավատությունը ևս չեմ ընդունում, այն, ինչ որ այսօր ևս մեկ անգամ տեղ գտավ: Ես նախագծի հեղինակներից մեկն եմ, հետևաբար պատասխանատու եմ նախագծի համար և ներկայացնում էի իմ դիրքորոշումը: Նախագծի վերաբերյալ բովանդակային քննարկում` այն, ինչ ես էի ակնկալում, այդպես էլ չստացվեց: Մատների վրա հաշված պատգամավորներ էին միայն, որ բովանդակային հարցադրումներ բարձրացրեցին: Մնացածն ամբողջությամբ քաղաքական էր: Այսօր ես չեմ կարծում, որ իմ հանդեպ` որպես կին պատգամավոր և այլն…, ես կարծում եմ, որ քննարկման ամբողջ ոգին էր խախտվել:
– Ի վերջո, Հովիկ Աբրահամյանին հաջողվե՞ց Ձեզ պաշտպանել, և արդյոք պարոն Աբրահամյանը Ձեր քաղաքական հովանավո՞րն է, եթե նման ուշադրության է արժանացում:
– Հարցադրումը ճիշտ տեսանկյունից չի արված: Հովիկ Աբրահամյանի նպատակը ինձ պաշտպանելը չէր: Ես մարտի չէի մասնակցում, որտեղ պետք էր ինձ պաշտպանել: Հովիկ Աբրահամյանի նպատակը պարզապես անելն է այն, ինչը միշտ անում է. Պատգամավորներին կարգի հրավիրելն էր: Իսկ իմ կարծիքով, կարգի հրավիրելու անհրաժեշտություն որոշ պատգամավորների այդուհանդերձ կար` ելնելով իրենց օգտագործած տերմիններից, եզրույթներից, գնահատականներից, և դա ոչ իմ հանդեպ` որպես կնոջ, այլ ընդհանրապես որպես պատգամավորի:
– Իսկ քաղաքական հովանավորի մասո՞վ: Հովիկ Աբրահամյանը Ձեր քաղաքական հովանավո՞րն է:
– Նման տերմինն ինձ համար անծանոթ է: Պարոն Աբրահամյանի հետ աշխատել ենք և բավական արդյունավետ համագործակցել ենք, և այժմ էլ այդ համագործակցությունը շարունակվում է այս ձևաչափով:








































