Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ «Աստված փրկել է Վրաստանին» նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա թիմի՝ իշխանության ղեկին լինելուց, այլապես «մենք կարող էինք արդեն Վրաստանին ներգրավված տեսնել այդ պատերազմում»: Այս մասին նա ասել է «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում:
«Աջակցում եմ Ուկրաինային, նրան ցանկանում եմ խաղաղության հնարավորինս շուտ վերականգնում և Վրաստանի հետ միասին՝ ԵՄ-ին անդամակցություն»,- ասել է Իվանիշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը «միանգամայն նորմալ և հավասարակշռված է գնահատում իրավիճակն Ուկրաինայում»:
«Բայց դա դուր չի գալիս «Միացյալ ազգային շարժմանը» (Սաակաշվիլիի կուսակցությանը),- հայտարարել է Իվանիշվիլին:- Ազգայիններն ուզում են, որ Վրաստանը պատվի կրակով»:
Նրա խոսքով՝ Սաակաշվիլին փորձում էր իրեն ներկայացնել որպես «գլոբալ խաղացող», մինչդեռ արդյունքում «երկիրը հասցրեց ահավոր վիճակի»:
Իվանիշվիլիի խոսքով՝ այժմ ազգայիններն ուզում են, որ «Վրաստանը նորից պատերազմի մեջ մտնի»: «Միևնույն ժամանակ՝ մեզ նկատողություն չեն անում ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ-ը»:









































