Երեկ բերման ենթարկված ռուս երկրպագուները ստորագրությամբ ազատ են արձակվել:
Այս մասին «Առաջին լրատվականը» տեղեկացավ ոստիկանության մամուլի ծառայությունից: Նրանք տեղեկացրին նաև, որ երկրպագուների նոր անկարգությունների առիթով ահազանգեր չեն ստացել:
Հիշեցնենք, որ ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության համաձայն` մարտի 25-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մոսկվա-Երևան թիվ 191 չվերթի ինքնաթիռում խուլիգանություն էր կատարվում:
Ոստիկանության ծառայողները ինքնաթիռի վայրէջքից հետո, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել ՌԴ քաղաքացիներ` 1970 թ. ծնված Անտոն Վ.-ին, 1980 թ. ծնված Բոգդան Ա.-ին, 1980 թ. ծնված Սերգեյ Ս.-ին, 1982 թ. ծնված Սերգեյ Պ.-ին, 1975 թ. ծնված Դմիտրի Կ.-ին և 1980 թ. ծնված Միխայիլ Գ.-ին:










































