Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը դեմ է Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում առաջարկվող դատական եռաստիճան համակարգը երկաստիճան դարձնելուն: «Մեր ընդդիմախոսները պնդում են, որ դրա արդյունքում պետական միջոցներ են տնտեսվում: Բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջոցների տնտեսում ևս չի լինի, որովհետև այդ քանակի գործերի քննումը ևս պահանջում է անձնակազմ և համապատասխան աշխատանք: Իսկ արդարության շահի առումով, կարծում եմ, մենք ավելի հետ քայլ կատարած կլինենք: Մենք ունենք բավականին ձևավորված, դինամիկ և որոշակի իրավական հիմքերի վրա աշխատող պետական համակարգ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դավիթ Ավետիսյանը՝ հավելելով, որ մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ ինքը հնչեցրել է իր մտահոգություններն ու առարկություննրը և որևէ լուրջ հակափաստարկ չի լսել:
Մասնագետը, սակայն, կողմ է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմանը: Այդ փոփոխությունը շատ դրական է համարում այն կոնտեքստում, որ դրանով կվերականգնվի դատական համակարգի նկատմամբ վստահության պակասը, որը պայմանավորված է նաև նրանով, որ հանրությունը ոչ մի կերպ մասնակից չի դառնում արդարադատության իրականացմանը: «Երբ հանրությունը չի մասնակցում արդարադատության իրականացմանը, այդ գործընթացը նրա համար մութ է մնում և անընդունելի: Իսկ եթե ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը, և հասարակությունն ինքը մասնակցի արդարադատության բուն իրականացմանը, ապա մենք շատ ու շատ հարցեր կլուծենք դատարանների հետ կապված վստահության հարցում»,- հավելեց Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյությում:








































