ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով հարցին՝ Սյունիքը ինչո՞ւ մարզպետ չունի, Վահե Հակոբյանը նշեց, որ Սյունիքն ունի մարզպետի պաշտոնակատար, որն աշխատում է:
Նա նշեց, որ իր համար անակնկալ չէր. եթե պետության իշխանությունները տեսնում են իրեն այս պաշտոնում, ինքն էլ, բնականաբար, պետք է այդ գործառույթները իրականացնի:
«Մենք քաղաքական թիմ ենք, և, բնականաբար, քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց, որ պետք է ես իմ պարտականությունը իրականացնեմ այստեղ»,- հավելեց Վահե Հակոբյանը:
Որքանո՞վ են հավանական Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետ նշանակվելու մասին լուրերը: Այս հարցին ի պատասխան՝ Վահե Հակոբյանը նշեց, որ մոտ ապագայում կնշանակվի Սյունիքի մարզպետ, անունները չի ուզում տալ, քանի որ դա իր որոշման տիրույթից դուրս է:
Անդրադառնալով այն հարցին, թե իշխանության նման որոշման պատճառ է հանդիսացել Վահե Հակոբյանի աշխատանքից դժգոհությունը, մարզի՝ վերահսկողությունից դուրս մնալը, Վահե Հակոբյանը նշեց. «Համենայն դեպս, մենք իրականացրել ենք կառավարության գործառույթները տարածաշրջանում: Բնականաբար, որոշ աշխատանքներ ստացվել են, որոշ աշխատանքներ չեն իրականացվել, բայց համենայն դեպս, նվիրումով կատարել եմ իմ պարտականությունները»:











































