Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հրապարակավ խոստովանել է, որ հարսնացու ունի: 76-ամյա քաղաքական գործիչը կիրակի «5-րդ ալիքի» (այն մտնում է Բեռլուսկոնիի մեդիակայսրությունում) հետ հարցազրույցում ներկայացրել է իր հարսնացուին. նրա անունը Ֆրանչեսկա է, և իրենց միջև տարիքային տարբերությունը 48 տարի է: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
«Այո: Դա պաշտոնական է: Նա Նեապոլից է: Անունը Ֆրանչեսկա է: Նա գեղեցիկ է ոչ միայն արտաքնապես, այլև հոգով: Նա ինձ շատ լավ է վերաբերվում, և դա փոխադարձ է»,- ասել է Բեռլուսկոնին: Արդեն երրորդ տարին է` նա ապահարզանի գործընթացի մեջ է. ցանկանում է վերջնականապես խզել կապերը իր երեք երեխաների մոր՝ Վերոնիկա Լարիոյի հետ:
Իտալիայի նախկին վարչապետը հայտնել է, որ Վերոնիկայի հետ ծանոթ է 7 տարի: Աղջիկը եղել է քաղաքական գործչի երկրպագուների ակումբի ղեկավարը: Կամավորների հավաքած գումարներով նա օդանավ էր պատվիրել, որով թռիչք էր կատարել երկրի առափնյա շրջաններ՝ հետևյալ ցուցապաստառով. «Սիլվիո´, մենք քո կարիքն ունենք»: Այնուհետև նա փոխել էր գրությունը. «Սիլվիո´, ես քո կարիքն ունեմ»:
«Նա սկսել է աշխատել իմ քաղաքական շտաբում: Նա Մարինայի մեծ ընկերն է»,- ասել է քաղաքական գործիչը՝ նկատի ունենալով առաջին ամուսնությունից ծնված իր ավագ դստերը, որը «Ֆինինվեստ» ընտանեկան հոլդինգի նախագահն է: Բեռլուսկոնիի խոսքով՝ Մարինան շատ է անհանգստացել իր դեմ սկսված հետաքննությունների պատճառով և կարծես իր համար մայր լինի:









































