Չինաստանի Հայնանյա նահանգի փոքր քաղաքի ձեռնարկատերը կարողացել է լապշայի և բարի մարդկանց օգնությամբ վճարել բուժման ծախսերը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Կարճ ժամանակ անց, երբ Լի Հենգն իր կնոջ հետ բացել է իր սեփական Li’s Stewed Meat Noodles փոքրիկ ռեստորանը, նրան ախտորոշել են ոսկորների քաղցկեղ մահացու հիվանդություն:
Գիտակցելով, որ շուտով պետք է բախվի բուժման ծախսերը հոգալու խնդրին՝ Լին օգնության խնդրանքով համացանցով դիմել է մարդկանց:
Sina Weibo չինական միկրոբլոգների ծառայությունում նա ընկերներին կոչ է արել այցելել իր ռեստորան. «Ես ձեզ բոլորիդ խնդրում եմ՝ եթե դուք տանը չեք ճաշում, խնդրում եմ՝ եկեք իմ ռեստորան,- գրել է Լին՝ նկարագրելով իր առողջական վիճակն ու կցելով դստեր լուսանկարը:- Ես նրան չափազանց շատ եմ սիրում՝ լքելու համար: Ուստի խնդրում եմ ձեր օգնությունը: Շատ շնորհակալ եմ»:
Այդ հաղորդագրությունը տեսել է տեղի կայքերից մեկի խմբագիրը, այնուհետև Լի Հենգի պատմությունն իմացել է ամբողջ քաղաքը: Նրա կնոջ խոսքով՝ իրենց ռեստորան այցելած մարդկանց թիվն այնքան մեծ է եղել, որ բոլորի համար տեղը չի բավականացրել՝ հերթը հասել է մինչև դուռ:
Քանի որ ընտանիքը ուղղակի ոչ մի նվիրատվություն չի վերցրել, որոշ մարդիկ սովորական լապշայի համար վճարել են 200 յուան (32 դոլար)՝ չնայած լապշան ընդամենը արժե 8 յուան:
Այդ բոլոր նվիրատվություններն անցած տարի Լի Հենգին օգնել են 3 անգամ վիրահատվել:












































