Երգչուհի Lady Gaga-ն կոչ է արել Մալայզիայում ապրող իր երկրպագուներին բողոքի խաղաղ ցույցեր կազմակերպել, որպեսզի հնարավորություն ունենան լսելու երգչուհու Born This Way երգի գրաքննության չենթարկված տարբերակը:
Երգչուհուն զայրացրել է այն հանգամանքը, երբ երկրի ռադիոկայանների ղեկավարները որոշել են կտրել այն հատվածը, որտեղ երգվում է նույնասեռականների մասին:
«Իհարկե, ես համաձայն չեմ դրա հետ, հակառակ դեպքում ես այդ բառերը չէի ներառի երգի մեջ, որը, ինչպես ես համոզված էի, կհայտնվի ռադիո թոփերում… Ես ի՞նչ պետք է ասեի Մալայզիայում ապրող երիտասարդներին, որոնք ուզում են, որ այս խոսքերը հնչեն ռադիոյով. դա ձեր խնդիրն ու պարտավորությունն է` որպես երիտասարդ այնպես անել, որպեսզի ձեր ձայնը լսեն», – ասել է Lady Gaga-ն:
«Դուք պետք է անեք ամեն ինչ, եթե ուզում եք ազատ լինել հասարակության մեջ. դուք խաղաղ կերպով բողոքելու իրավունք ունեք: Ես չեմ հավատում բռնությանն ու բացասականին: Ոչ մի պատճառ չկա վատ վարքագիծ դրսևորելու համար: Դուք ընդամենը պետք է պայքարեք նրա համար, ինչին հավատում եք», – նշել է երգչուհին:
Lady Gaga-ի համար սա առաջին դեպքը չէ` կապված գրաքննության հետ: Աստղը չի կարող նույնիսկ հաշվել, թե քանի անգամ են հեռուստատեսության ներկայացուցիչներն իրեն խնդրել տեսահոլովակից հանել այս կամ այն դրվագը:
«Եթե դերասաններն իրենց անընդհատ չափերի մեջ են դնում համակարգի համար, այդ ժամանակ այդ նույն դերասանները դառնում են համակարգի մասնիկ: Ես չեմ ուզում համակարգի մաս կազմել: Ես ուզում եմ, որպեսզի համակարգն իմ մասնիկը լինի», – ասել է երգչուհին:
Առաջիններից, ում հաջողվել է փոխհամաձայնության գալ Lady Gaga-ի հետ, նրա հայրն է: Հենց նրա խնդրանքով է, որ երգչուհին իր դաջվածքներն անում է միայն իր մարմնի ձախ հատվածում, գրում է ContacMusic կայքը:
«Հայրս խնդրել է, որ ես գոնե իմ մի կողմով նորմալ մնամ: Այդ իսկ պատճառով ես դաջվածքներ ունեմ միայն իմ մարմնի ձախ հատվածում», – կիսվել է երգչուհին: «Կարծում եմ, որ նրան թվում է, թե իմ այդ կողմը Մերլին Մոնրոյից է, իսկ ձախը` Իգի Փոփից»,- առանց իրոնիայի նկատել է երգչուհին:











































