Այսօր պաշտպանության նախարարությունում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի միջև կնքվեց հուշագիր, որով նախատեսվում է դպրոցներում ներդնել երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագիր:
Գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին դպրոցներում, կրթական բոլոր օջախներում երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակությունը՝ առավել կարևորելով, որ այն հուշագրի տեսք է ստանում և իրականացվում կառավարության մակարդակով:
«Մեր նորաստեղծ պետության մեջ շատ կարևոր է, որ մենք կառավարության մակարդակով կարողանում ենք համատեղել մեր ցանկությունները և նպատակները: Պատանի երկրապահների կառույցը իրոք կայացած է, և այսօր մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր պատանիներն ու աղջիկները հավասարաչափ, հավասարազոր ավելի նվիրյալ են, քան շատ-շատ մարդիկ: Մեր երեխան ոչ թե պետք է այլևայլ մտքերով տարվի, մեծանա, այլ սպարապետի ասածով. դպրոցից իմանա՝ ինքը ով է, որտեղից է գալիս և ուր է գնում»,- նկատեց գեներալ Մանվել Գրիգորյանը:
Վերջինիս խոսքով՝ կարևոր է, որ այս ծրագիրը ֆինանսավորվում է կառավարության մակարդակով: «ԵԿՄ-ն չի կարող, բացի Հայաստանից, այլ բանի կամ դրսի ուժերի ծառայել, դրսի ֆինանսավորմամբ: Մենք գիտենք՝ ում ենք դիմում կամ ումով ենք ֆինանսավորվում»,- հավելեց Գրիգորյանը:
«Գաղտնիք չէ, որ պաշտպանության նախարարությունը ամենամյա ռազմավարական ծրագիր է իրականացրել՝ ուղղված պատանիների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Սա, այս հուշագրի ստորագրումը գործընթացի հերթական հանգրվանն է»,- ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:








































