Արևմուտքի ու Ռուսաստանի միջև լարվածությունը վաղուց լուրջ անհանգստություն է առաջացրել Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ՝ գրում է Ամեդեո Լա Մատինան La Stampa թերթում հրապարակված հոդվածում:
«Ռուսաստանի հետ լարվածությունը նրա անհանգստության ամենալուրջ առիթներից մեկն է, ինչի մասին Բեռլուսկոնին բազմիցս խոսել է վերջին շաբաթներին, այդ թվում՝ վարչապետ Մատեո Ռենցիի հետ: Նրա տեսակետները հրապարակվել են մամուլում, սակայն նա այդ առնչությամբ հրապարակավ ելույթ չի ունեցել: Եվ ահա երեկ Սիլվիո Բեռլուսկոնին վճռականորեն կանգնել է իր ընկեր Պուտինի կողքին և դատապարտել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի որոշումը»,- հայտնում է հոդվածագիրը:
Իտալիայի նախկին վարչապետը քննադատությամբ է հանդես եկել Ուկրաինային աջակցող արևելաեվրոպական երկրների հասցեին: Նրա խոսքով՝ նման քայլերը անհավանական են, անբացատրելի և անպատասխանատու, դրանք չեղարկում են այն վիթխարի աշխատանքն ու արդյունքները, որոնց իրենք հասել են 2002 թվականին համաձայնագրի ստորագրմամբ՝ վերջ տալով կեսդարյա սառը պատերազմին:
Բեռլուսկոնին կարծում է, որ Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցները, արևմտյան միջամտությունն ուկրաինական հարցում և Արևելյան Եվրոպայի երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը խախտել են հավասարակշռությունը: Բեռլուսկոնին դրանում գլխավորապես մեղադրում է Վաշինգտոնին և Օբամային: Առա՛ջ, Իտալիա» կուսակցության երիտասարդ անդամների համագումարի կազմակերպիչների հետ ունեցած հեռախոսազրույցում նա ասել է, որ Ռուսաստանը չի կարող չպաշտպանել ռուսական ծագում ունեցող Ուկրաինայի քաղաքացիներին, որոնց նա համարում է իր եղբայրը:









































