Ֆիլիպիններում ջրհեղեղի և ավերածությունների պատճառ դարձած «Բոֆա» թայֆունի զոհերի թիվը հասել է 1020-ի: Երկրի իշխանությունների ճշտված տվյալներով՝ դեռ 844 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Աղետի գոտում ավերվել են տասնյակ հազարավոր տներ, խաթարված է էլեկտրամատակարարումը: Ջրածածկ են եղել ավելի քան 20 հազար հա բանանի պլանտացիա, բրնձի և եգիպտացորենի դաշտեր: Տարերային աղետի հասցրած տնտեսական վնասը գերազանցում է 200 մլն դոլարը:
Ապաստարաններում և տարհանման կենտրոններում են շարունակում մնալ տանիքից զրկված տասնյակ հազարավոր մարդիկ:
Ամեն տարի Ֆիլիպիններին հարվածում են մինչև 20 արևադարձային ցիկլոններ, որոնք հարյուրավոր մարդկանց կյանք են խլում: Երեքշաբթի երկրի հարավային շրջաններին կրկնակի հարված հասցրած «Բոֆան» այս սեզոնում խոշորագույնն էր:











































