ՀՀԿ Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին փաստացի ներքաղաքական գրոհի հրաման տվեց, ինչը սպասելի էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նրա մասնակցությունից հետո, որովհետև գագաթնաժողովը Սերժ Սարգսյանի համար ունեցավ տպավորիչ մի քանի արդյունքներ:
Նախ՝ այդ բարձր միջոցառման մակարդակով ըստ էության բավական անշուք վերաբերմունքի արժանացան Թուրքիան ու Ադրբեջանը: Բացի այդ՝ ՆԱՏՕ-ն Վրաստանի «անդամության փաթեթը» հաստատեց, ինչը նշանակում է, որ դաշինքն էլ ավելի է մոտենում Հարավային Կովկասին, հետևաբար ձևավորվում է ուժերի հավասարակշռության և կայունության նոր գրավական:
Միևնույն ժամանակ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների մասով իրավիճակը առավել սրող, դիմակայությունն առավել սրող որոշումներ չկայացրեց, ինչը Հայաստանին ազատեց այդ դեպքում Ռուսաստանի անխուսափելի մի շարք պարտադրանքների վտանգից:
Գագաթնաժողովին զուգահեռ՝ կնքվեց Ուկրաինայի Արևելքում հրադադարի համաձայնագիրը՝ այդպիսով Արևմուտք-Ռուսաստան դիմակայության ռեժիմը տեղափոխելով Ռուսաստանի մեկուսացման կայուն և հանդարտ ընթացքի փուլ, ինչը ստեղծված իրավիճակում չարյաց փոքրագույնն է այդ իրավիճակի վրա ազդեցության որևէ լծակ չունեցող և միաժամանակ Ռուսաստանի լծակների տակ կքած Հայաստանի իշխանության համար:
Միևնույն ժամանակ ստացվեց տեղեկություն, որ Իրանը պատրաստ է համագործակցել Պենտագոնի հետ, ինչը ևս միջազգային քաղաքական կոնյունկտուրայի իմաստով դրական է Հայաստանի իշխանությունների համար:
Հենց այս ամենից հետո է, որ Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ-ական «զորքը» հանում է ներքաղաքական գրոհի, քանի որ արտաքին քաղաքական առումով առանցքային մարտահրավերներ աշնան համար կարծես թե չի սպասում: Մնում է ներքին կյանքում ստեղծել երաշխիքներ թե՛ աշնանային թեժացումների ռիսկերին ընդառաջ, թե՛ հոկտեմբերի 10-ին Եվրասիական գագաթնաժողովում Հայաստանի անդամակցության հարցի քննարկման համար՝ մասնավորապես:
Ընդ որում, պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդում դժգոհում էր արտաքին կապերի և շփումների հարցերում կուսակցականների պասիվությունից: Սերժ Սարգսյանն ակնարկում էր, թե ամբողջ բեռն իր ուսերին է, և ինքը ստիպված է միայնակ փրկել ամբողջ համակարգի «կաշին»: Իսկ որ խոսքը ամբողջ համակարգի մասին է՝ վկայում է Սարգսյանի ելույթը. «Մենք պետք է աշխատենք միասին, որովհետև այլ ճանապարհ չկա: Մենք խորհրդով հաստատել ենք պատգամավորների ցուցակը, այնուհետև խորհրդարանական ընտրություններում ստացել ենք մեծամասնություն, որից հետո այդ մեծամասնությունն ընտրել է կառավարություն, և, ինչպես տեսնում եք, մենք բոլորս փոխշաղկապված ենք»:
Սերժ Սարգսյանը ՀՀԿ Խորհրդի անդամներին կոչ է անում մի կողմ դնել անձնական հարցերը և զբաղվել ընդհանուրի խնդիրներով: Այսինքն՝ Սարգսյանը ակնարկում է, որ առանձին փրկվողներ չեն լինելու՝ կա՛մ փրկվելու են բոլորը, կա՛մ ոչ ոք:
Մի կողմից՝ Սերժ Սարգսյանը իշխանությանը փորձում է սպառնալ կամ զգուշացնել, որ ովքեր փորձեն առանձին փրկվելու ճանապարհը փնտրել, ասենք՝ գործակցել կամ պայմանավորվել ոչ իշխանական քառյակի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ, կհռչակվեն «դասալիք» (նա հենց այդ բառն էլ գործածում է) և կպատժվեն ըստ այդմ, մյուս կողմից՝ անկասկած փորձում է իշխանությանը վստահեցնել ու հավաստիացնել, որ ինքն ամենևին անձնական փրկությամբ չի զբաղված և աշխատում է բոլորի փրկության արտաքին նպաստավոր միջավայր ապահովելու ուղղությամբ, ինչի դիմաց էլ ներքին միջավայրի հարցում նրանցից պահանջում է աշխատել իր հետ:
Հարցն այն է, որ Սերժ Սարգսյանը փաստացի չի նախանշել աշխատանքի ուղղությունները: ՀՀԿ-ականներին հրահանգվել է քվեարկել իրենց ծրագրերի համար, բայց առաջիկայի համար առավել կոնկրետ խնդիրներ չեն տրվել, կամ դրանք տրվում են ավելի նեղ շրջանակով և ոչ հրապարակային: Համենայնդեպս՝ առարկայական ուղենիշներ, որպես այդպիսին, Սերժ Սարգսյանը ՀՀԿ Խորհրդի անդամներին չի հաղորդել: Ավելին՝ Սահմանադրության փոփոխության գործընթացի համատեքստում Սարգսյանը հայտարարել է, որ ինքն է սպասում գաղափարներ խորհրդի անդամներից: Ըստ երևույթին՝ հասկանալու համար, թե ինչ կա նրանցից յուրաքանչյուրի մտքում:








































