Ֆրանսիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Վալերի Բուայեն 20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել:
Պատգամավորն ընդգծել է, որ ամիսներ անց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, իսկ Ֆրանսիայում նման հանցագործությունը դատապարտող գեթ մեկ օրենք չկա:
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի ազգային պատասխանատու Ալեքսի Գովչյանը, ով այս օրերին Հայաստանում է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ֆրանսիայում բոլորը համաձայն են, որպեսզի նման օրինագիծ լինի, բայց պետք է աշխատել շտկել բոլոր թերությունները, որպեսզի սահմանադրական խորհուրդը այն կրկին չբեկանի. «Վալերի Բուայեի արածը քայլ է, բայց արդյունավետ լինել չի կարող, որովհետև կարիք չկա ամեն օր զանազան օրենքներ ունենալ: Պետք է այնպիսին լինի, որ ամբողջությամբ ճշգրիտ լինի ու անցնի»,- ասաց նա:
Գովչյանը հավելեց, որ Ֆրանսուա Օլանդը, Ֆրանսիայի կառավարությունը, բոլոր կուսակցությունները համաձայն են, բայց պարզապես նոր տեքստ ունենալն արդյունավետ չէ. «Դա քայլ է, բայց իր տեքստը, իր օրենքը չի կարող անցնել, որովհետև կառավարությունը կարևոր բան է պատրաստում, որ հետագայում Սահմանադրական խորհրդի հետ խնդիր չլինի»:
Նա նաև ընդգծեց, որ մտադրություն ունեն անել ամեն հնարավոր բան, որպեսզի այդ օրինագիծն ընդունվի մինչև Ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
Գովչյանի խոսքերով՝ Բուայեի արածը քաղաքական է և պետք է այնպես անել, որ այդ օրենքն իսկապես վավերացվի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:








































